2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի գործով հետաձգված դատական նիստը կկայանա փետրվարի 23-ին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում:
Epress.am-ի հետ զրույցում Թորգոմ Սարուխանյանի մայրը` Լենա Սարուխանյանը տեղեկացրել է, որ ինքը չի մասնակցելու այդ դատավարությանը: Առաջին հերթին այն պատճառով, որ առողջական վիճակը չի ներում, որպեսզի նա Գյումրիից հասնի Ստեփանակերտ, և երկրորդ` այն պատճառով, որ դատավոր Լեռնիկ Աթայանը արդեն երեք անգամ մերժել է իր միջնորդությունը, համաձայն որի Սարուխանյանը խնդրել էր մեկ ամսով հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը ցանկանում է ծանոթանալ իր որդու գործով նախաքննության փաստաթղթերին:
Լենա Սարուխանյանը ներկայացրել է մերժման վերջին նամակում նշված պատճառաբանությունը.
«Կրկին անգամ հայտնում ենք, որ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշման համաձայն դատարանում քրեական գործի փաստաթղթերի պատճեններն անվճար ստանալու իրավունքից կարող է օգտվել միայն մեղադրյալը մեկ անգամ:
Ինչ վերաբերվում է քրեական գործի նյութերին ծանոթանալուն, ապա կրկին անգամ տեղեկացնում ենք, որ Դուք քրեական գործի նյութերին կարող եք ծանոթանալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում»:
«Ես չեմ կարողանում հասկանալ, ինչու են ոտնահարում իմ իրավունքները և արհամարհում իմ երեխայի հիշատակը: Եթե կեղծիք չկա, եթե քննիչը ճիշտ է աշխատում, ապա ինչո՞ւ ինձ չեն տրամադրում այդ փաստաթղթղերը», – ասել է տիկին Լենան:
Տիկին Լենան նաև նշում է, որ եթե մեղադրյալին հնարավորություն է ընձեռնված ծանոթանալու քրեական գործի նյութերին, ապա ինքը որպես տուժողի իրավահաջորդ ևս պետք է ծանոթանա դրանց, որպեսզի կարողանա պաշտպանել իր շահերը:
«Մի բան էլ եմ ուզում ասել: էդ որ հեռուստատեսությամբ հայտարարում են, որ հպարտ ու հզոր բանակ ունենք, դա այդպես չէ: Ինչպես են հայտարարում, որ հպարտ ու հզոր բանակ ունեն, երբ մինչև օրս էլ բանակում սպանություններ են լինում, երբ տեղի են ունենում այդպիսի անարդար դատավարություններ: Կամ երբ Ռիտա Սարգսյանը (ՀՀ առաջին տիկին – խմբ.) ուրախ և պարզ աչքերով կանգնում է մի երաժշտական համույթի կողքին, նա կարող է նույն պարզությամբ կանգնել մեր թիկունքին, կամ նայել մեր աչքերի մեջ»,- ասել է Լենա Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել Գյումրիից, և 2011 թվականի աշնանը պետք է ավարտեր ծառայությունը: Պաշտոնական վարկածի համաձայն` Թորգոմ Սարուխանյանին դրդել են ինքնասպանության: Մայրը այդ վարկածն արժանահավատ չի համարում: