ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանը այսօր առավոտյան ձերբակալվել է Ֆրանսիական Լիլ քաղաքի ոստիկանության կողմից: Նրան հարցաքննում են մարմնավաճառության ցանցի գործով, որի շրջանակներում նա կասկածվում է կավատությանը նպաստելուն և հանրային միջոցների չարաշահման մեջ, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Հետաքննությունը փորձում է պարզել, թե ինչ դեր է ունեցել քաղաքական գործիչը Carlton շքեղ հյուրանոցի շուրջ մարմնավաճառության ցանցի ստեղծման գործում:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանները հարցաքննել էին մի շարք մարմնավաճառների, որոնք խոստովանել էին որ 2010 և 2011 թվականներին սեռական հարաբերություններ են ունեցել Ստրոս-Կանի հետ Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում, Ֆրանսիական մայրաքաղաքի ռեստորաններից մեկում, ինչպես նաև Վաշինգտոնում:
Սակայն Ստրոս-Կանի փաստաբանների խոսքով` նախագահը տեղյակ չի եղել, որ իր մասնակցությամբ երեկույթներին ներկա կանայք մարմնավաճառներ են եղել:
«Նա կարող էր և չիմանալ, որովհետև, ինչպես կարող եք ենթադևել, նման երեկույթներին դուք ոչ միշտ եք հագնված լինում, և ես վստահ եմ, որ դուք չէիք կարողանա տարբերել մերկ մարմնավաճառին պարզապես մերկ մեկ այլ կնոջից»,-դեկտեմբերին ասել էր նրա փաստաբանը:
Ֆրանսիական մամուլը դեպքը անվանել է «Կարլտոնի գործը»` նկատի ունենալով թանկարժեք հյուրանոցը, որտեղ տեղի էին ունենում խնջույքների մեծ մասը:
Ստրոս-Կանը ձերբակալված կլինի 2-4 օր, մինչ հետաքննությունը կպարզի` արդյոք իրենք բավական փաստեր ունեն ԱՄՀ-ի նախկին նախագահի նկատմամբ վերջնական մեղադրանք առաջադրելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարը սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել էր 2011-ի մայիսի 14-ին Նյու Յորքում: Նա մի քանի օր անցկացրել էր բանտում, որից հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն տնային կալանքի տակ մնացել:
Հունիսի վերջին Ստրոս-Կանին մեղադրող սպասուհուն մեղադրել էին կեղծ ցուցմունքների մեջ, ինչի առնչությամբ էլ քաղաքական գործիչը ազատ էր արձակվել տնային կալանքից: