Home / Հայաստան / «Եվրատեսիլին» մասնակցելը դեմոկրատական քայլ կլինի. «Դորիանսի» մենեջեր

«Եվրատեսիլին» մասնակցելը դեմոկրատական քայլ կլինի. «Դորիանսի» մենեջեր

«Եվրատեսիլին» մասնակցելը զուտ եվրոպական տեսանկյունից շատ ճիշտ դեմոկրատական քայլ կլինի։ Այս մասին «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է «Դորիանս» խմբի մենեջեր, «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնելու հավակնորդ This is Our World երգի խոսքերի հեղինակ Վարդան Զադոյանը:

Նրա խոսքով` բոլոր սխալները հիմա կարող է թույլ տալ միայն Ադրբեջանը, Հայաստանը ոչ մի սխալ չի կարող թույլ տալ։

«Ամբողջ Եվրոպան հիմա ուշադրությամբ հետևում ա, թե Ադրբեջանն ինչ ռեակցիա կտա հայերի այնտեղ գտնվելուն։ Եթե իրանց վատ պահեն, դա շատ վատ կդիտվի, թե Եվրոպական Միության և թե Եվրոպայի կողմից։ Գնալը որոշ չափով ցույց կտա նաև այն, որ մենք արվեստը չենք ընդգրկում պատերազմական հարաբերությունների մեջ։ Պատերազմը կապ չունի արվեստի հետ։ Արվեստագետը պետք է ելույթ ունենա ամեն տեղ։ Եթե միջոցառումը միջազգային բնույթ է կրում, դա նշանակում է, որ տարբեր ազգեր ցանկալի է և կարող են մասնակցել», – ասել է Զադոյանը։

Զադոյանը նշել է, որ դեռ չգիտի, թե ինչ որոշում է կայացրել պետությունը` Բաքու գնալու կամ չգնալու վերաբերյալ:

«Կողքից մեկ լսում եմ, որ ոչ մեկը չի մեկնելու, մեկ՝ որ որոշումն արդեն կայացված է, մեկ Թաթայի գնալն են սկսում քննարկել, մեկ ինչ-որ Լուսիա Մունի։ Ինչպես ես, այնպես էլ «Դորիանսը» գտնվում ենք խառնաշփոթի մեջ և նույնիսկ չգիտենք՝ Հայաստանը մարդ ուղարկո՞ւմ է այդ մրցույթին, թե՞ ոչ։ Եթե պետությունը որոշի, որ ոչ մեկին չի ուղարկելու ու տեր չի կանգնելու մեր մասնակիցներին, մենք, բնական է, չենք մեկնի», – ասել է նա։