«Գեոթիմ» ընկերության արձագանքը վկայում է այն մասին, որ հանքարդյուանաբերական ընկերությունը գիտակցում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի էկոլոգիական հայեցակարգը իրենց շահերից չի բխում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը` մեկնաբանելով «Գեոթիմ»-ի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը պետք է առնվազն ուսումնասիրեր տեղական և արտասահմանյան բնապահպան մասնագետների կողմից պատրաստված ուսումնասիրություններն ու եզրակացությունները:
«Նման արագ արձագանքը բնական է, քանի որ եթե հայեցակարգը կիրառվի, այդ հանքարդյունաբերողները չեն կարողանա գերշահույթներ ստանալ: Այսօրվա օլիգարխիկ համակարգը մեծ արտոնություններ է ստեղծում այդ հանքարդյունաբերողների համար: Մեր հայեցակարգը զսպաշապիկ կարող է դառնալ նրանց համար և տրորում է նրանց պոչը»,- ասել է Արմենակ Դովլաթյանը:
Հիշեցնենք, որ ընկերությունը, որը շահագործում է Ամուլսարի ոսկու հանքավայրը, այսօր տարածած հաղորդագրության մեջ ՀԱԿ-ի ծրագիրը «անթույլատրելի» էր համարել: «Գեոթիմը» ՀԱԿ ներկայացուցիչներին հրավիրել է բանավեճի` քննարկելու համար հանքարդյունաբերական ծրագրի վիճահարույց կետերը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ընկերությունը բազում աշխատատեղեր է ստեղծել և փոխել մարդկանց պատկերացումը կյանքի մասին, Արմենակ Դովլաթյանն ասել է, որ այդ աշխատատեղերի վերաբերյալ փաստարկները բոլոր հանքարդյունաբերողների միակ ասելիքն է, սակայն իրականում «Գեոթիմը» ևս աշխատատեղերի խնդիր չի լուծում:
Քննարկման առաջարկը մեկնաբանելով` Արմենակ Դովլաթյանը խորհուրդ է տվել «Գեոթիմին» կոնկրետ առաջարկներով դիմել ՀԱԿ-ի Բնապահպանական հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործումը տեղի բնակիչների, բնապահպանների և հասարակական կազմակրեպությունների մտահոգությունն է առաջացրել: Վերջերս Facebook-ում Ջերմուկ քաղաքի բնակիչները հանդես են եկել «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությամբ, սկսել ստորագրահավաք` հանքի շահագործման դեմ: