«Հելսինկայն ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը զարմացած է, որ մի շարք հասարակական կազմակերպություններ մասնակցել են Արդարադատության նախարարության հայտարարած ատեստացիային, որը անցած անձինք կարող են գալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնել: Այս մասին Դանիելյանն ասել է կազմակերպության 2011 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ընթացքում:
«Ցավալի է, որ շատ ՀԿ-ներ դիմեցին ատեստացիա անցնելու համար: Հետաքրքիր է, եթե ատեստացիա անեն, թե արդյոք իրենք իրավապաշտպան են, թե ոչ, նրանք էլի՞ կվազեն անցնելու այդ ատեսացիան», – ասել է Միքայել Դանիելյանը:
Հելսինկյան ասոցիացիան քննադատում է նաև փաստաբանների մասին օրենքի մեջ ընդունած փոփոխությունը, որով միայն փաստաբաններին է թույլ տրվում զբաղվել իրավաբանական ցանկացած խորհրդատվությամբ:
«Դա հարված է առաջին հերթին մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն փաստաբան վարձելու», – ասել է Միքայել Դանիելյանը:
Միքայել Դանիելյանը, իր հերթին, հատուկ անդրադարձել է կատարել դատախազ Կորյուն Փիլոյանին: Իրավապաշտպանի խոսքով` հենց նա է հանդիսանում Հայաստանում «կոռուպցիայի պապան»:
Զեկույցի ներկայացման ժամանակ հայաստանյան դատարանների խնդիրները բարձրացրել է նաև Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը:
«Վճռաբեկ դատարան այլևս ՀՀ քաղաքացու համար գոյություն չունի, այն ձևական բնույթ է կրում: Վերջին տարում գործերը նույնիսկ վարույթ չեն ընդունում: Ամենատխուրն այն է, որ Վերաքննիչ դատարանն էլ է վերանում: Այսօր Վերաքննիչը Վճռաբեկի կարգով է լսում գործերը. պաշտպանող կողմը որևէ հնարավորություն չունի իր խոսքն ասելու: Հայցվորը կարդում է իր բողոքը, պատասխանողը տալիս է պատասխան, դատարանը գնում է վճիռ կայացնելու», – ասել է Նինա Կարապետյանցը, ով Հայաստանի դատարաներում դիտարկում է իրականացրել: