Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մասին զեկույց պատրաստող պատգամավորների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մասին զեկույց պատրաստող պատգամավորների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը ողջունել և կարևորել է պատվիրակության այցը մեր երկիր՝ նկատի առնելով Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը:

Այսօրինակ այցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և օբյեկտիվ կարծիք կազմելու:

Հանրապետության ղեկավարը և Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները քննարկել են 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքն ու խնդիրները, անդրադարձել Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանը: