Վերջին երկու շաբաթների ընթացքում Սիրիայի իշխանական ուժերի հրետանային ռմբակոծման թիրախ դարձած Հոմս քաղաքում երկու լրագրող է սպանվել: Նրանց մահվան փաստը հաստատել է Ֆրանսիայի կառավարությունը:
Ընդդիմադիր ակտիվիստների խոսքով` ժամանակավոր մամուլի կենտրոնի վրա ընկած հրթիռի պայթյունի հետևանքով սպանվել է բրիտանական Sunday Times պարբերականի ամերիկացի թղթակից, հայտնի գրող Մերի Կոլվինը, և ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկը:
Մերի Կոլվինը աշխարհահռչակ լրագրող է, ով բազմիցս մրցանակներ է ստացել աշխարհի թեժ կետերից արված իր ռեպորտաժների համար: 1993 թվականին նա ծանր վիրավորվել էր և զրկվել մեկ աչքից Շրի Լանկայում, երբ լուսաբանում էր քաղաքացիական պատերազմը:
Sunday Times պարբերականի համար արված իր վերջին հոդվածում Մերի Կոլվինը պատմում էր Սիրիայի Բաբա-Ամր և Հոմս քաղաքների բնակիչների մասին, որոնք կարծում են, որ աշխարհը մոռացել է իրենց գոյության մասին:
Նշենք, որ ընդդիմության խոսքով` Սիրիայում միայն փետրվարի 21-ին ավելի քան 100 մարդ է զոհվել, որոնցից 40-ը` Հոմսում, որտեղ կառավարական ուժերը գրոհում են ընդդիմադիրներին: