Home / Հայաստան / Սոբչակին չեն տալիս իր «Պետդեպը». MTV-ի որոշումը քաղաքական է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սոբչակին չեն տալիս իր «Պետդեպը». MTV-ի որոշումը քաղաքական է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

MTV հեռուստաալիքը մերժել է հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակին տալ «Պետդեպ» հաղորդումը, որը հանվել էր եթերից նախորդ շաբաթ: Հաղորդավարուհին, իր հերթին, ծրագրում է հաղորդումը համացանց տեղափոխել` մի փոքր փոփոխելով անվանումն ու գաղափարը: Ի դեպ, ըստ Սոբչակի, հաղորդումը փակելը քաղաքական ենթատեքստ ունի:

Ավելի վաղ այս կապակցությամբ հաղորդավարուհին ասել էր. «Այս իրավիճակը երկրում և այս գրաքննությունը անգամ իմ նման չափավոր քաղաքական հայացքներ ունեցող մարդուն դարձնում է չարամիտ ընդդիմադիր»:

MTV-ի ղեկավարությունը հայտարարել է, որ «Պետդեպ» անվանումը պատկանում է հեռուստաալիքին, և հույս է հայտնել, որ այլ հարթակներ չեն զբաղվի «գողոնի գնմամբ», գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Սակայն, Քսենիա Սոբչակը հաղորդել է, որ հենց ինքն է մտածել հաղորդման անունը, իսկ գաղափարը մշակել է ստեղծագործական խմբի հետ: Այդ իսկ պատճառով նա հատկապես ցավում է կորցնել իր ծրագիրը: «Ես, թերևս, ինքս եմ մեղավոր, որ միայն ստեղծագործ գործունեությամբ էի զբաղվում և իմ գաղափարներն ուրիշներին էի տալիս: Հաջորդ անգամ ավելի խելացի կգտնվեմ»,-հայտարարել է Սոբչակը:

Ինչպես պատմել է հաղորդավարուհին, երբ MTV-ի ղեկավարությունը սկսել է խոչընդոտել իր գործունեությանը, ինքը համոզվել է, որ հաղորդումը փակելու որոշումը քաղաքական է եղել: «Գիտեք, մի բան է, երբ քեզ խառը ձևով բացատրում են, թե երիտասարդությունը, պարզվում է, չի հետաքրքրվում քաղաքականությամբ, չնայած նրան, որ հաղորդման ռեյտինգը գերազանցում էր ալիքի միջին չափը երկու անգամ: Եվ բոլորովին այլ հարց է, երբ գալիս ես մարդկանց մոտ և ասում. լսեք, ես հովանավոր եմ գտել: Միխայիլ Պրոխորովը (ՌԴ նախագահի թեկնածու) որոշել է աջակցել ծրագրին: Ես իմ փրոդաքշանն եմ ստեղծել: Վաճառեք մեզ ձևավորումն ու անվանումը: Եվ մարդիկ դա չեն անում»,- MTV-ին ղեկավարող «Պրոֆ-մեդիա» ընկերության ղեկավար Ռաֆայել Ակոպովի հետ իր զրույցի մասին պատմել է Սոբչակը:

Հիշեցնենք, որ MTV հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Պետդեպ» հաղորդումը, որի հաջորդ հյուրը պետք է լիներ ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ և հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, հանվեց եթերից փետրվարի 14-ին:

Հաղորդումը փակելու առնչությամբ Քսենիան ավելի վաղ ասել էր. «Երբ փորձեցի աճել և դուրս գալ զվարճացնող ձևաչափից և հպարտանում էի նրանով, որ հետաքրքիր ծրագիր եմ անում, հենց այդ պահին իմ դեմքին են հասցնում և ասում. «Գիտե՞ս ինչ: Շարունակի «Դոմ-2» (ռուսաստանյան ռեալիթի շոու) վարել: Քո քաղաքական հաղորդումները մեզ պետք չեն»: