Փետրվարի 22-ի ժամը 16.30-ի դրությամբ Սևանա լճում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ ջրախեղդ եղած 55-ամյա Արամայիս Մանուկյանի դին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին դեպքի վայրից Epress.am-ին տեղեկացրել է գործով զբաղվող քննիչ Գարիկ Երանոսյանը:
Փետրվարի 17-ի առավոտյան ժամը 12.00-ի սահմաններում Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Արամայիս Մանուկյանը կնոջը տեղեկացրել էր, որ գնում է լիճ՝ ձուկ որսալու:
Երանոսյանի խոսքով` Մանուկյանը սիրողական ձկնորսությամբ է զբաղվել ու լիճ է դուրս եկել առանց նավակի:
«Դուրս գալով տնից, Մանուկյանը ոտքով գնացել է լճի ուղղությամբ, ավելի ուշ զանգել է կնոջը ու տեղեկացրել, որ ինքն արդեն լճի վրա է», – նշել է Երանոսյանը:
Ըստ նրա՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարները ջրասուզակների, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությամբ սկսել են որոնողական աշխատանքները լճում:
«Զննել ենք դեպքի վայրն ու վկաներին ենք հարցաքննել: Վկաների հետ զրույցում պարզվել է, որ մինչ լիճ հասնելը Մանուկյանը ծանոթներից մեկի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է գնալ լիճ՝ ձկնորսության, իսկ ծանոթը խորհուրդ չի տվել՝ փաստելով, որ լիճը լավ սառած չէ ու վտանգավոր է, սակայն Մանուկյանը չի հետևել խորհրդին: Դեպքի օրը լճի առափնյա հատվածը մոտ 200 մետր սառած էր, այնուհետ որոնողական աշխատանքները սկսկելու օրը միանգամից սառույցներն հալվեցին, ու այս պահի դրությամբ շարունակում է սառած մնալ լճի ափամերձ հատվածի մոտ 10 մետրը: Վկաները փաստել են, որ դեպքի օրը դեպի լիճ գնացող ոտնահետքերը եղել են, սակայն հետդարձինը` ոչ», – պատմել է Երանոսյանը:
Քննիչը նշել է՝ թեև որոնողական աշխատանքները շուրջօրյա չեն, այնուամենայնիվ, չնայած սաստիկ ցրտին, փրկարարներն անում են հնարավոր ամեն բան՝ ջրախեղդ եղած Մանուկյանի դին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարը` armeniatv.com