Home / Հայաստան / Արամ Մանուկյանը եվրոպացիների հետ քննարկել է անցած և ապագա ընտրությունները

Արամ Մանուկյանը եվրոպացիների հետ քննարկել է անցած և ապագա ընտրությունները

Այսօր Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանդիպել է Եվրոխորհրդարանի պատգամավոր, Լիբերալ խմբակցության անդամ Քրիստիան Սիլվիո Բյուսոյի և Եվրոխորհրդարանի Լիբերալ դեմոկրատների ալյանսի քաղաքական հարցերով խորհրդական Անտոնիոս Նեստորասի հետ:

Զրուցակիցները քննարկել են այս տարվա մայիսի 11-ին Երևանում կայանալիք Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության` ELDR խորհրդի տարեկան նիստին առնչվող հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումները, այդ թվում` Հրազդանում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրությունները: ՀՀՇ մամուլի հաղորդագրության համաձայն, այս համատեքստում Արամ Մանուկյանը եվրոպացի հյուրերին տեղեկացրել է ընտրությունների ժամանակ կատարված համատարած ընտրակեղծիքների մասին:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Արամ Մանուկյանը նշել է, որ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ խնդրի վրա:

«Սակայն այս խնդիրները կարող են լուծվել միայն Հայաստանում ժողովրդավար, օրինակարգ իշխանություն ձեւավորվելու դեպքում: Միայն օրինակարգ իշխանությունն է ի վիճակի լուծելու նման հարցեր», – ասել է ՀՀՇ վարչության նախագահը:

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաև Հայաստանում սպասվելիք առաջիկա ընտրություններին: ՀՀՇ վարչության նախագահը Եվրոխորդարանի պատվիրակության անդամներին հորդորել է շատ դիտորդներ ուղարկել Հայաստան` ընտրությունների ընթացքն առավելագույնս վերահսկելու համար: