Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կենտրոնական Once կայարանում մարդատար գնացքը դուրս է եկել երկաթուղային գծերից: Վթարի արդյունքում կայարանում առնվազն 49 մարդ է զոհվել, տուժել է 500-ը: Ընդհանուր առմամբ գնացքում մոտ 1000 ուղևոր է եղել:
Գնացքը Բուենոս Այրեսի մերձակա քաղաքից մայրաքաղաք էր ուղևորվում: Սակայն, չափազանց մեծ արագությամբ կայարան ժամանած գնացքը չի կարողացել ճիշտ ժամանակին կանգ առնել և բախվել է արգելապատնեշին` շարքից դուրս բերելով դիմացի շարժիչը և վնասելով վագոնները:
Արգենտինայի տրանպորտային ծառայության ղեկավար Խուան Շիավին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջին երեք վագոնները գրեթե մեկը մյուսի վրա է բարձրացել, իսկ վագոններից մեկը 6 մետր մտել է մյուսի մեջ:
«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ` քաղաքի հիվանդանոցները լիքն են տուժածներով: Գնացքի կարգավարը նույնպես հիվանդանոց է տեղափոխվել: Փրկարար աշխատանքները դեռևս շարունակվում են: