ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ուրախացնում է այն փաստը, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին կարոտում են:
«Շատ ուրախ եմ , որ կարոտ կա, բայց Հովիկ Աբրահամյանը առավոտից երեկո գտնվում է ՀՀԿ գրասենյակում», – լրագրողի հարցին, թե որտեղ է Հովիկ Աբրահամյանը և ինչու դաշտում չի երևում, պատասխանել է Սահակյանը:
Նա նաև բացառել է այն լուրերը, թե ՀՀԿ-ն բաժանվել է երկու թևի՝ « հնաբնակների» ու Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների:
«Մի թևն էլ ինձ տաք, լրիվ կհամալրվի, ես որևէ մեկի ոչ թևում կարող եմ լինել, ոչ մեջքում: Ես ընդամենը կարող եմ կուսակցության աշխատանքները կոորդինացնել, կոնֆլիկտները հարթել», – ասել է նա:
Գալուստ Սահակյանը դժվարացել է ասել` ինչպիսին կլինի հաջորդ խորհրդարանը, և չի բացառել, որ առավել քվեներ հավաքած ուժերը նորից կոալիցիա կազմեն: