Home / Հայաստան / Դիտորդական խումբն ակնկալում է, որ իրավապաշտպանը ներողություն կխնդրի

Դիտորդական խումբն ակնկալում է, որ իրավապաշտպանը ներողություն կխնդրի

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ստիպված է անդրադառնալ 2012 թվականի փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ` Միքայել Դանիելյանի այն հայտարարությանը, թե իբր Դիտորդական Խումբն իր զեկույցներում օգտագործել` copy paste է արել Հելսինկյան Ասոցիացիայի զեկույցները: Այս մասին ասված է Դիտորդական խմբի տարածած հաղորդագրության մեջ:

«Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի կողմից նմանատիպ հայտարարություն արվել էր նաև 2012 թվականի փետրվարի 8-ին Դիտորդական Խմբի կողմից նախորդ տարվա ընթացքում ներկայացված հրատապ հաշվետվությունների և դիմումների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ և Միքայել Դանիելյանը խոստացել էր ապացուցել իր հայտարարության ճշմարտացիությունը, իսկ հակառակ դեպքում ներողություն խնդրել Դիտորդական Խմբից:

Այսպիսով, Խումբն արձանագրում է, որ Միքայել Դանիելյանի կողմից 2012 թվականի փետրվարի 8-ին արված հայտարարությունը վերջինիս խոստման համաձայն մինչ այս պահը չի ապացուցվել, մինչդեռ լրագրողի հարցին ի պատասխան Միքայել Դանիելյանը կրկնել է նշված անհիմն հայտարարությունը նաև մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիտորդական Խումբը ձևավորված լինելով իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից հավատարիմ է իրավապաշտպանության էթիկայի բոլոր սկզբունքներին և սույն հայտարարությամբ ևս մեկ անգամ հաստատում է, որ Խմբի զեկույցներում չեն օգտագործվել` copy paste արվել Հելսինկյան Ասոցիացիայի կամ մեկ այլ կազմակերպության զեկույցներ կամ դրանց հատվածներ, իսկ օգտագործման պարագայում հղումը տեղեկատվության աղբյուրին պարտադիր է:

Սույնով, Դիտորդական Խումբն ակնկալում է, որ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ` Միքայել Դանիելյանն իր խոստումը կկատարի և ներողություն կխնդրի Դիտորդական Խմբից, ինչպես նաև հետագայում զերծ կմնա իրավապաշտպանին ոչ հարիր հայտարարություններով իր գործընկեր կազմակերպություններին զրպարտելուց», – ասված է Դիտորդական խմբի հայտարարության մեջ: