Վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախօրեին հանդիպելով արմավիրցիներին, խնդրել է, որ քաղաքացիները հարցերով և առաջարկներով հանդես գան, որպեսզի ՀՀԿ-ն այդ առաջարկները ներառի իր նախընտրական ծրագրում, սակայն ոչ մի առաջարկ չի հնչել, գրում է «Երկիր» օրաթերթը:
Թերթը նշում է, որ միայն Ջուլիկ անունով մի կին, մոտենալով դահլիճում տեղադրված խոսափողին, երկխոսության մեջ մտել վարչապետի հետ:
Ըստ «Երկրի»` Արմավիրի մարզպետը ու այլ պաշտոնյաներ, տեսնելով Ջուլիկին, միանգամից գցել են գույները:
«Պարո´ն վարչապետ, պետությունից, արժանապատիվ ապագայից և ապրելակերպից եք խոսում, իսկ ո՞նց եք կարծում` մարդն ինչպե՞ս կարող է ապրել այս քաղաքի ու պետության մեջ»,-վարչապետին հարց է ուղղել Ջուլիկը, այնուհետև բողոքել Արմավիրի քաղաքապետից, որ վերջինս թույլ չի տալիս իրեն օգտվել իր սեփականության իրավունքից. «Ես այդ հարցով Ձեզ էլ եմ դիմել ու բոլոր թղթերը Ձեզ եմ ուղարկել, անգամ Ձեր թեժ գծին էլ եմ զանգել, պատասխան չկա, ու վերջ»: Կինը նաև վարչապետին է ներկայացրել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի` իր տան առջև ապօրինի շինարարություն իրականացնելու փաստը:
Վարչապետը հետաքրքրվել է, թե տիկինն ի՞նչ կարող է աշխատել, ի պատասխան` Ջուլիկը հնչեցրել է. «Հարցն այստեղ ինչ ուզել աշխատելը չի, խոսքի կարամ քաղաքապետ էլ աշխատեմ»: Փորձելով խուսափել կնոջ հետ երկխոսությունից` վարչապետն առաջարկել է, որ Ջուլիկն իր բողոքը և համապատասխան թղթերը տրամադրի իր օգնականին, սակայն տիկինը դժգոհ պատասխանել է. «Ես ասում եմ` բոլոր թղթերն ուղարկել եմ Ձեզ. Դուք ասում եք` տուր օգնականին»: