ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի երեկ տարածած հայտարարությունն անհիմն է, համարում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում այսօր հայտարարել են Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ երեկ Դիտրոդական խումբը, անդրադառնալով 2012 թվականի փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի այն հայտարարությանը, թե Դիտորդական խումբն իր զեկույցներում օգտագործել` copy paste է արել Հելսինկյան Ասոցիացիայի զեկույցները, պահանջել է Դանիելյանից ներողություն խնդրել:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահը նշել է, որ ցանկանում է ներկայացնել Դիտորդական խմբի հետ կապված խնդրի նախաբանը:
«2010 թվականին այն ժամանակվա արդարադատության նախարարը` Գևորգ Դանիելյանը, մեզ թույլ տվեց անցկացնել մոնիտորինգ ՔԿՀ-ներում, մենք անցկացրեցինք, ներկայացրեցինք զեկույց: 2011 թվականին նոր նախարարն արգելեց մեզ շարունակել մոնիտորինգի երկրորդ մասը: Մեզ պատճառաբանություն բերեցին, որ իբր կա մոնիտորինգի հասարակական կազմակերպությունների խումբ, որն անում է մեր գործը և մեր մտնելն անիմաստ է: Մենք բացատրեցինք, որ իրենց գործունեությունը մենք չենք տեսնում, և հասկանում ենք, որ այդ կազմակերպությունը նախարարության համար հարմար է, որովհետև նրանք այդքանով արգելում են այլ կազմակերպությունների մուտքը ՔԿՀ-ներ և միջազգային հանրությանն ասում եք` «տեսեք, մենք ունենք մոնիտորինգային խումբ»: Այդ բանից հետո մի որոշ ժամանակ անց լույս է տեսնում այդ խմբի 2009-2010թթ. զեկույցը: Քանի որ մենք ծանոթանում ենք տարբեր կազմակերպությունների զեկույցներին, դա մեզ հետաքրքիր է: Երբ մեր աշխատողները կարդացին այդ զեկույցը, ասացին` դա մեզանից է արտատպված: Չեմ ասում, որ լրիվ զեկույցն է արտատպված, դա ծիծաղելի կլինի ասելը, բայց որոշ բաներ իրականում արտապված են»,- ասել է Միքայել Դանիելյանը:
Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից Թերեզա Կարապետյանը նշել է, որ Դիտորնդերի խմբի զեկույցը կարդալիս Նուբարաշեն ՔԿՀ-ին վերաբերող հատվածից զգացել է, որ օգտվել են իրենց զեկույցից:
Հելսինկյան ասոցիացիայի զեկույցի այդ հատվածում գրված է եղել, որ կալանավորները տեղակայված են 3 մասնաշենքերում, որոնք կառուցվել են դեռևս խորհրդային տարիներին, հիմնարկը կառուցված է սողանքային և բարձ խոնավություն ունեցող գոտում, ինչի պատճառով շինությունների մեծ մասը գտնվում է վթարային վիճակում և դեռևս խորհրդային տարիներից չի վերանորոգվել:
«Ինչ վերաբերվում է Խորհրդային տարիներին վերանորոգված հատվածին, մենք մեր աշխատակիցների հետ երկար ժամանակ մտածում էինք ինչպես ձևակերպենք այն, որ վերանորոգումը բավական հին է: Մեր աշխատակիցներից մեկն ասաց` գրի, որ խորհրդային տարիների վերանորոգում է: Հիմա չգիտեմ` իրենց աշխատակիցներից մեկն է՞լ է մտածել, որ դա խորհրդային տարիների վերանորոգում է, չգիտեմ` ինչպես է համընկել: Աբովյան ՔԿՀ-ին վերաբերող մասում, որն ունի 4 երկարատև տեսակցությունների սենյակ, մենք գրել ենք հանձնուքների սենյակի տարածքի մասին` նշելով, որ այն ունի 4 քառակուսի մետր մակերես: Դե կասեք` 4 քառակուսի մետր մակերես ունի, 4-ն էլ արձանագրել են, չէր կարող տարբեր լինել , բայց մենք սխալմամբ ենք գրել 4 քմ մակերես, այն մի քիչ ավելի մեծ մակերեսով տարածք է: Փաստորեն էլի համընկել է, ինչ ասեմ», – ասել է Թերեզա Կարապետյանը:
Նրա խոսքով` նման համընկնումները կարելի է երկար թվարկել:
«Պարզապես մի խորհուրդ հասարակական դիտորդական խմբին: Արագ արձագանքելու փոխարեն Միքայել Դանիելյանի զեկույցի վերաբերյալ կարծիքին` ավելի արագ արձագանքեք այն դեպքերին, որոնք ՔԿՀ-ներում են: Օրինակ, Հրաչյա Գևորգյանը մեխեր կուլ տված վիճակում հիմա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, զանգահարում ենք, ասում են` այդպիսի խնդիր կա: Դուք ասում եք` մենք այդպիսի լիազորություն չունենք, ոչինչ չենք կարող անել: Այսինքն` ձեր լիազորությունների շրջանակը որոշում է Արդարադատության նախարարությունը, ու այդքանից հետո ասում եք` անկախ մոնիտորինգային խումբ եք: Ես, որպես քաղաքացի, ասում եմ` դուք անկախ մոնիտորինգային խումբ չեք»,- ասել է Թերեզա Կարապետյանը:
Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում մի դեպք է պատմել, որն անձամբ իր հետ է տեղի ունեցել:
«Իմ պաշտպանյալներից մեկի հետ կապված, երբ վերջինիս վիրահատված վիճակում, աշխատանքային ժամի ավարտից հետո փորձել են տեղափոխել Կոտայքի մարզի դատարան, որտեղ վերահսկողություն չկա, անձամբ նորից զանգել ենք նրանց արագ արձագանքման խմբին, վերջիններս նշել են, որ որևէ կերպ չեն կարող օժանդակել, դրանից հետո ես անձամբ զանգել եմ Մարդու իրավուքների պաշտպանի արագ արձագանքման խմբին, և որոնց միջամտությունցի հետո Խաչիկ Հակոբյանին թույլ չտվեցին բռնել և գիշերով տեղափոխել ՁՊՎ»,- ասել է Գայանե Խաչատրյանը:
«Ես երկար ժամանակ չէի խոսում մոնիտորինգային խմբի գործունեության մասին: Երբ մեզ արգելեցին մտնել ՔԿՀ-ներ, նրանք պարտավոր էին մեզ սատարել, դա իրենց համար էլ լավ կլիներ նաև: Բայց նրանք սկսեցին մեզ վրա «բոչկա գլորել», ավելին` նրանք մեզ ամոթանք տվեցին, երբ ես ասուլիս տվեցի և ասացի, որ մեզ չեն թողնում և որ հարմար է այդ ձևի խումբ ունենալը, որը ձայն չի հանում: Էդմոն Մարուքյանը մեկնաբանություն գրեց և ասաց` ամոթ Միքայել Դանիելյանին:
Ես շատ ափսոսում եմ, որ այն լրագրողները, որոնց մենք հրավիրել էինք այսօր` այսպես կոչված անկախ մամուլը, հրաժարվել են գալ և մեզ լսել: Ես հիմա շատ մեծ կասկածներ ունեմ, որ ինչպես որոշ իրավապաշտպան կազմակերպություններին, այնպես էլ մամուլին են առնում քաղաքական ուժերը», – ասել է Միքայել Դանիելյանը: