«Դաշնակցության» համամասնական ցուցակի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին դուր է գալիս այն հանգամանքը, որ մամուլն այդ մասին խոսում է՝ չունենալով ոչ մի հավաստի ինֆորմացիա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը նշել է, որ չի ցանականում որևէ վիրավորական բան ասել, բայց ինչ-որ իմաստով դա համարել է հայաստանյան մամուլին բնորոշ՝ բացարձակապես որևէ ինֆորմացիա չունենալու պարագայում վստահություն հայտնել, որ իրենց աղբյուրները շատ հավաստի են:
«Հիմա ես հասկանում եմ, որ իրականության մեջ «Դաշնակցության» ներսում ոչ ոք էլ ոչ մի աղբյուր չունի, այս առումոնվ ես դրական եմ համարում ձեր փորձերը», – դիմելով լրագրողներին` նշել է Հովհաննիսյանը:
Վերադառնալով ցանկին` դաշնակցական գործիչը շեշտել է, որ այն կկազմվի առանց որևէ միջամտության:
«Այն ցանկը, որ կհրապարակենք, կլինի հավաստի: Պատրաստվում ենք բոլոր ճակատներում ակտիվորեն պայքարելու», – ասել է նա:
Հովհաննիսյանը դժվարացել է նշել ՀՅԴ ցուցակների վերջնաժամկետը, բայց նաև հիշեցրել, որ քննարկումներ են գնում, ու ՀՅԴ-ն մարդուժի պակաս չունի: