2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ Լենա Սարուխանյանը բաց նամակ է հղել Հայաստանի իշխանություններին: Վերջինս պահանջում է իրեն տրամադրել դատական գործը, բացի դա, առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է մեկնել Գյումրիից Ստեփանակերտ, որտեղ պետք է անցկացվի դատական նիստը:
«Ի՞նչ հիմքով և ի՞նչ իրավունքով 3 անգամ բանակից հետաձգված տղային տարան բանակ, եթե ինքը եղունգների հետ կապված պրոբլեմ ուներ: Ինչպես եղավ, որ խրոնիկ դիագնոզը դարձավ տրավմատիկ, որի հարցով այդպես էլ մեր իրավասու մարմինները չզբաղվեցին: Ոչ մեր իրավասու մարմիներին և ոչ էլ մեր ղեկավարությանը հետաքրքիր էլ չէ, թե ինչո՞ւ են այսքան զինվորներ սպանում բանակում: Մեր ղեկավարությունն ու իրավասու մարմինները չեն առնում այսքան զինվորների սպանությունների դեմը: Մեր ղեկավարության ու իրավասու մարմինների կողմից միշտ էլ անտեսված են զոհված զինվորները, և ոտնահարվում են զոհված զինվորների ծնողների իրավունքները: Եվ բացարձակապես հետաքրքիր էլ չէ իրենց, թե ինչ կարգավիճակում են այդ ծնողները: Սպայական անձնակազմի համար շատ սովորական երևույթ է այսքան զինվորների սպանությունը:
Սպայական անձնակազմը չունի ոչ մի տեսակի հոգեբանություն և չեն կարող մտնել մեր տղաների հոգեբանության մեջ: Եթե ի վիճակի չեն մեր տղաների հետ աշխատելու, ուրեմն հեռու մնան մեր տղաներից և հրաժարվեն աշխատանքից, մարդ սպանելը դա աշխատանք չէ: Գիտենք, որ միշտ էլ եղել են սպանություններ, բայց այսքան շատ, որ լինում է մինչ օրս ակնհայտորեն հետևում է, որ մեր հայ սերունդն են վերացնում:
Ինչպես հասկանանք, որ մեղադրվող կողմին կարող են տրամադրվել նախաքննության կրկնօրինակները, իսկ տուժող կողմին չի տրամադրվում նույնիսկ այն դեպքում, որ ես միջնորդություն եմ ներկայացրել դատարան որպես սպանված զիվորի մայր՝ պարտավորվելով վճարել պետական տուրք քրեական գործի պատճեները ստանալու համար: Սակայն նշեմ, որ դատավոր Աթանյան Լեռնիկը (դատավոր – խմբ.) բացարձակապես հաշվի չի էլ առնում ծնողի առողջական վիճակը: Այն դեպքում, երբ միջնորդության հետ կցել եմ բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ, իսկ եթե կեղծիք չէ, ինչո՞ւ Աթանյանը իրավահաջորդին չի տրամադրում նախաքննության նյութերը: Ես այնքան դիմում-բողոքներ, միջնորդությոuններ եմ ուղարկելու, այնքան ժամանակ մինչև դատական նիստի օր նշանակելու փոխարեն ինձ կտրամադրեն գործի նյութերի պատճենները:
Ասեմ նաև, որ 3 անգամ միջնորդություն եմ ուղարկել նույն պահանջով: Այսինքն՝ նախաքննության 4 հատորանոց պատճենը և մեկ ամիս ժամանակ պահանջել, ինչպես միշտ դատավոր Աթանյան Լեռնիկի կողմից ստացել եմ բացասական պատասխան, միայն պարտավորված դատական նիստի օր է նշանակում:
Քննիչ Ավագյան Մարտիրոսն առանց իմ համաձայնության գործը տվեց դատարան և երբևիցե իմ բողոքների համաձայն չի էլ աշխատել:
Իսկ ինչ մնում է մեղադրական եզրակացությանը, ես համաձայն չեմ այդ շարադրությանը: Դա ամբողջությամբ կեղծիք է, ամեն կերպ քննիչը շարադրությունն աշխատել է ձևակերպել այնպես, որ զինվորական կյանքին մոտ լինի, որ ծնողին էլ համոզեն, որ, տեսեք, վեճի պատճառով է, որ այսքան սպանություններ է լինում»,- մասնավորապես, ասված է Լենա Սարուխանյանի նամակում:
Նշենք նաև, որ Սարուխանյանի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը նույնպես չի մասնակցելու Թորգոմ Սարուխանյանի գործով դատական նիստերին, քանի դեռ իրեն և Լենա Սարուխանյանին չեմ տրամադրել քրեական գործի նյութերը:
«4 հատոր քրեական գործին չի կարելի տեղում ծանոթանալ, դրան ծանոթանալու համար ես չպիտի գնամ Ստեփանակերտում նստեմ: Ինձ ոչ մեկ այնտեղ մոթել չի տրամադրել, հատուկ պայմաններ չի տրամադրել, որ ես մի ամիս գնամ Ստեփանակերտ: Եվ եթե նույնիսկ պետությունն ինձ տրամադրի էլ այդ գումարը, ինչի՞ համար այդ ավելորդ գումարը տրամադրել: Ավելի ճիշտ չի՞ ես ծանոթանամ Երևանում: Իրենք ընդամենը ուզում են անել հետևյալը` էս գործնա, երկու օր քեզ ժամանակ: Այսինքն` դու մտել ես այդ խաղի մեջ, իսկ ես չեմ ուզում մտնել այդ խաղի մեջ», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը: