Հայաստանը չպետք է մասնակցի այս տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին, համոզված է հայ երգիչների մի խումբ, որոնք այսօր համապատասխան հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ որպես չմասնակցելու պատճառ նշվում է հայաստանցի զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահը, որն այսօր սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից:
«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս:
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց և միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ 2012-ին», եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության և հավասար մրցակցության այն մթնոլորտը, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը: Հայտնում ենք նաև, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին», – մասնավորապես, ասված է երգիչների հայտարարության մեջ:
Այս որոշման մասին այսօր Առաջին ալիքի եթերում լրագրող Նվեր Մնացականյանը զրուցել է Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ:
Վերջինս վստահեցրել է, որ այս որոշումով Հայաստանը և հայ մշակույթը իրականում ոչինչ չեն կորցնում, ու կարիք չկա «Եվրատեսիլին» այդքան լուրջ վերաբերվել:
«Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան Բաքվում «Եվրատեսիլին» մասնակցելը: Եթե այսօր զինվոր է զոհվել, գերիներ ունենք այդ երկրում, ինչպե՞ս կարելի է գնալ ու երգ երգել այդ հողի վրա», – ասել է Գրիգորյանը:
Նա նաև անդրադարձել է վերջերս հաճախ հնչող այն կարծիքներին, թե Բաքվում Հայաստանի ներկայացուցչի ելույթը երկրի պատվի հարցն է:
«Մեր եռագույնը ծածանվում է Ստեփանակերտում, Քելբաջարում: Ադրբեջանը այն երկիրը չէ, որտեղ մենք պետք է ծածանենք մեր դրոշը: Մենք հաղթած ենք», – նկատել է կոմպոզիտորը՝ նշելով, որ Ադրբեջանում միջազգային մրցույթին մասնակցելու հարցում վերապահումներ ունեն նաև «Եվրատեսիլի» մասնակից շատ այլ երկրներ՝ կապված այդ երկրում քաղաքական իրավիճակի հետ:
Լուսանկարը` Armenianpulse.com-ից