Երուսաղեմի «Ալ Աքսա» մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են քարեր նետել իսրայելցի ոստիկանների վրա, հայտնում է Agence France-Presse-ը: Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանական հավելյալ ուժեր` զսպելու համար ամբոխի գործողությունները:
Ձերբակալությունների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ոստիկանների շրջանում արդեն իսկ վիրավորներ կան: Ցուցարարների մի մասը բարիկադավորվել է մզկիթում և հրաժարվում է լքել այն:
Հատկապես ինչն է դրդել նրանց այսպիսի գործողությունների դեռևս պարզ չէ, սակայն հայտնի է, որ փետրվարի 25-ին պաղեստինցիները նշում են «Խևրոնի ջարդի» տարելիցը, 1994 թվականի դեպքերը, երբ իսրայելցի ահաբեկիչ Բարուխ Գոլդշտեյնը կրակ էր բացել տեղի Իբրահիմի մզկիթում աղոթող անպաշտպան պաղեստինցիների ուղղությամբ: Այդ ժամանակ 29 մարդ էր զոհվել, ևս 125-ը վիրավորվել էին: Եվս 19 պաղեստինցիներ սպանվել էին բողոքի ցույցերը ճնշել ցանկացող իսրայելցի զորքերի ձեռքով:
Գրեթե ամեն տարի այս օրը պաղեստինցիները դուրս են գալիս փողոց նշելու հիշատակի արարողությունները, որոնք հաճախ ավարտվում են բախումներով իսրայելական ոստիկանության հետ: