Փետրվարի 26-ին Մաշտոցի պողոտայի այգում, որտեղ բողոքի ակցիաներ են անցկացնում բնապահպան ակտիվիստները, լուսանկարների ցուցահանդես կկայանա, որտեղ կներկայացվեն անցյալում Երևանի հասարակական վայրերում արված ընտանեկան լուսանկարները:
Ակցիա-ցուցահանդեսի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին անձնական արխիվներից հանած լուսանկարները կամ դրանց հղումները տեղադրել Public Space Armenia-ի Facebook-ի էջում, որից հետո իրենք կտպեն լուսանկարները և կներկայացնեն անժամկետ ցուցանահդեսի ընթացքում:
«Երբ հանրային հիշողությունը ենթարկվում է պաշտոնական պատումի տրամաբանությանն ու շեշտադրումներին, և հասարակական կյանքի ասպարեզի կարևոր շերտեր ջնջման սպառնալիքի առջև են կանգնում, մասնավոր հիշողությունը գալիս է՝ վերհանելու հասարակականի՝ լուսանցքային դարձած էջերը:
Հետխորհրդային ժամանակաշրջանի Հայաստանում մենք ականատես ենք լինում Խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված հասարակական վայրերի, ինչպես և՝ հասարակական պատմության տևական ապրոպրիացիային՝ մասնավոր շահի և դոմինանտ ենթամշակույթի կողմից: Արդյունքում հանրային տարածքներ չեն ձևավորվում։ Ցուցահանդեսի միջոցով փորձ է արվում շրջել այս գործընթացը, և մասնավոր պատմությունների սեփականություն հանդիսացող պատկերների միջոցով հասարակական անհետացող վայրերի մեջ տեսնել հանրային տարածքի հնարավորություն: Միացե՛ք հասարակական հիշողության վերականգնմանը, քանի որ Ձեր մասնավոր պատմությունը մեր ընդհանուր պատմության մասն է կազմում», – ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:
Լուսանկարը` Public Space Armenia-ի Facebook-ի էջից