2009 թվականի նոյեմբերի 10-ին մահացած զինծառայող Սերգեյ Մանուկյանը ինքնասպան չի եղել. բացահայտ սպանությունը կեղծ նախաքննության և դատաքննության օգնությամբ ներկայացվել է որպես ինքնասպանություն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով պաշտպանում է զինծառայողների իրավահաջորդների շահերը: Ծնողները նույնպես համոզված են, որ Սուրեն Մանուկյանին սպանել են:
«Բոլոր այն հարցերին, որոնց պետք է պատասխան տրվեր, նախաքննությունը և դատաքննությունը չի տվել: Թե սպանությունը որտե՞ղ է եղել, որտե՞ղ են սպանել, ո՞ր ժամին են սպանել, ինչո՞վ են սպանել, ինչո՞ւ են սպանել, ո՞րն է մոտիվը, և ո՞վ է մարդասպանը, մենք չգիտենք: Որոշ առումով այս գործը նման է Արտակ Նազարյանի սպանության գործին` և կրակոցի հետ կապված, որ բերանից է կրակված, և մի շարք այլ հանգամանքներով: Մանուկյանին սպանությունից առաջ ծեծել են և խոշտանգել են», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ Սերգեյ Մանուկյանը ծառայել է Սիսիանի Նորավան գյուղում տեղակայված 20/666 զորամասում: Զորամասի հրամանատարն է եղել փոխգնդապետ Գեղամ Ասատրյանը:
Սերգեյ Մանուկյանի գործով կան երեք մեղադրյալներ, որոնք մեղադրվում են Մանուկյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Սակայն Ռուբեն Մարտիորսյանը նշել է, որ երկուսն անմեղ են այն մեղադրանքի առումով, որն իրենց ներկայացված է, սակայն նա չի բացառում, որ այդ զինծառայողները հարվածել են Մանուկյանին:
«Եթե մենք ապացուցեինք, որ սպանել են, ուրեմն այն երկու հոգին չէին պատժվի, կամ առավել թեթև պատիժ կստանային: Հիմքից գործը կեղծված է: Այս ամենը նկատի ունենալով` բարի կամք պետք է դրսևորվի պաշտպանության նախարարի կողմից, որ փաստերը ներկայացրել են ծնողները, որպեսզի նոր քննություն սկսվի: Լրացուցիչ փաստեր էլ կներկայացնենք, որոնք միանշանակ կապացուցեն, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: Բոլոր անօրինությունները կատարվել են ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից: Այսինքն՝ Սեյրան Օհանյանի ենթակաների կողմից և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության կողմից», – ասել է Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ հրազենային սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, և զինվորի հագուստները փորձաքննության չեն ուղարկել, ինչն աղաղակող անօրինականություն է:
Epress.am-ը զրուցել է նաև Սերգեյ Մանուկյանի ծնողների` Զավեն և Լամարա Մանուկյանների հետ, ովքեր տեղեկացրել են, որ անցյալ տարվա նոյեմբերին իրենք նոր նախաքննություն սկսելու խնդրանքով դիմել են Սեյրան Օհանյանին, բայց դեռ գրավոր պատասխան չեն ստացել, թեև, Զավեն Մանուկյանի խոսքով, նախարարն իր աշխատասենյակում դատախազին հանձնարարել է, որ սկսեն նախաքննությունը:
Ռուբեն Մարտիրոսյանն էլ նշել է, որ եթե կրկին տվյալ գործով նախաքննություն կատարվի, ապա պետք է գործի նախկին նախաքննությունը և դատաքննությունը չեղյալ համարվի:
«Եթե չեղյալ համարվի, ապա դրանով ուղղակիորեն ապացուցվում է, որ գործով կատարվել է հանցավոր նախաքննություն և դատաքննություն: Օրենքով սահմանված կարգով նախաքննություն չի կատարվել, պարտավոր էին անմիջապես դեպքից հետո հագուստն ուղարկել փորձաքննության, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական: Ոչ մի բան չի արվել, էս մարդիկ էլ (նկատի ունի ծողներին) միամիտ, իրենց փաստաբանն էլ է նրանց նկատմամբ անշնորհքություն է կատարել: Ոչ միայն իրենց չի օգնել, այլև այս մարդկանց միամտացրել է, դատված մարդկանց վերաքննիչ բողոքի ժամանակ, ասել է, որ նրանց տան առավելագույն պատիժ: Այսինքն՝ դու այդ քայլով, ընկեր փաստաբան, անուղղակիորեն հիմնավորում ես, որ ինքնասպանություն է եղել: Այսինքն, դու համարում ես, որ իրոք Սերգեյ Մանուկյանն ինքնասպան է եղել, բայց ինքնասպանության հասցնողներին համապատասխան պատիժ չեն տվել»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով` իրենք Հելսինկյան ասոցիաիցյաի փորձագետները դեռ ուսումնասիրում են գործը, և, ըստ օրենքի, դեռևս անելիք չունեն: Նրանք անելիք կունենան, երբ սկսվի նոր նախաքննությունը: