Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Այս մասին ասված է երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տարածած հայտարարության մեջ:
Նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները պետք է իրենց մոտ հաշվառված ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակը ներկայացնեն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն մինչև 2012 թվականի մարտի 17-ը:
ԿԸՀ-ի երեկվա նիստում նաև խորհրդարանական ընտրությունների հետ կապվածմի շարք որոշումներ է կայացվել: Մասնավորապես, Ազգային ժողովի համամասնական և մեծամասնական ընտրակարգերով պատգամավորների թեկնածուների գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, այն է` մարտի 12-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում: Դաշինքների ընտրական ցուցակների և մեծամասնականով առաջադրված պատգամավորների ցուցակները գրանցվում են մարտի 22-ից 10-ն օրվա ընթացքում: