Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած հանցավոր վարչախումբն իրեն բնորոշ խարդախ մեթոդներով և մասնագիտական ցածր մակարդակով փորձում է քողարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի հակասահմանադրական և հակապետական բնույթը։ Այս մասին ասված է «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Կառավարությունը հապշտապ ճիգեր է գործադրում արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի օգտագործման հակասահմանադրական հիմքեր սահմանող այս օրինագիծը հնարավորինս անփոփոխ թողնելու համար՝ խմբագրական բնույթի շուրջ երկու տասնյակ կոսմետիկ փոփոխությունները ներկայացնելով որպես հայեցակարգային լրամշակում: Մինչդեռ Զինված ուժերի օգտագործման մասով կատարվել են ըստ էության ոչինչ չփոփոխող երկու ծխածածկույթային լրացումներ և օրինագիծը շարունակում է նույն կերպ հակասել ՀՀ Սահմանադրության հստակ ու միանշանակ պահանջներին:
«Սարդարապատը» զգուշացնում է, որ ժողովրդի զանգվածային աղքատացման և թալանի ենթակա վերգետնյա ռեսուրսների հետզհետե նվազման պատճառով այս օրինագիծը վարչախմբի վերարտադրության և ամբողջատիրության հաստատման հիմնական նպատակներից բացի, որպես գործիք է ծառայելու է նաև նրա նյութական շահերի նոր ձևավորվող առանցքային ոլորտի` հանքարդյունաբերության անխափան ծավալման ու գործունեության ապահովման համար: Ուստի վարչախումբը ձգտում է ամեն գնով, այդ թվում` Զինված ուժերի օգտագործմամբ խափանել և չեզոքացնել մոտ ապագայում համազգային մասշտաբների հասնելու միտումներ դրսևորող բնապահպանական շարժման հնարավոր լայնածավալ հակազդիչ գործողությունները, քանի որ նման զարգացումների պարագայում մինչ օրս կիրառվող այսպես կոչված գերակա շահի ապահովման մեխանիզմներն այլևս չեն կարող բավարար լինել։
Հաշվի առնելով, որ օրինագիծը Զինված ուժերին վերապահում է հատուկ նշանակության օբյեկտները պաշտպանելու լիազորություն, այդ նպատակի իրականացման համար բավարար կլինի հանքարդյունաբերական օբյեկտները որպես հատուկ նշանակության օբյեկտներ սահմանելը, ինչի նախադեպն առկա է։ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ այդպիսի օբյեկտների ցանկում ներառված են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի և Ողջիի տնտեսությունները` իրենց թունելային համակարգով։ Ոչ մի բան չի խոչընդոտում այդ օբյեկտների շարքում հանքարդյունաբերական նոր օբյեկտներ ավելացնելուն:
«Օրինագծի ընդունմամբ սահմանադրաիրավական պատնեշի հաղթահարման հետևանքով վարչախմբի ձեռքերն այլևս ազատ են լինելու բնապահպանական խաղաղ գործողությունները հատուկ նշանակության օբյեկտների գրավում և/կամ շրջափակում որակելու, այդ օբյեկտների տարածքներում արտակարգ դրություն հայտարարելու և բանակը ներգրավելու հարցում` ապահովելով մարտիմեկյան ձևերով և մեթոդներով բռնությունների գործադրումը, կեղծ ու շինծու մեղադրանքներով ակտիվիստների քրեական հետապնդումը, ինչպես նաև գործողությունների մասնակիցների և զանազան պատրվակներով` նաև օբյեկտներին հարող տարածքների բնակչության բռնի տարահանումը:
Բացի նշված և այլ հիմնական նպատակներից, վարչախումբը հետապնդում է նաև ածանցյալ նպատակներ՝ սկզբնական շրջանում բանակի նկատմամբ դեռևս պահպանվող վստահության ու հարգանքի ռեսուրսի չարաշահումը, իսկ այնուհետև` այդ ռեսուրսի սպառումը և բանակի ու ժողովրդի միջև առկա կամուրջների այրումը», – ասված է հայտարարության մեջ:
«Սարդարապատ» շարժումը մեկ անգամ ևս ընգծելով, որ այս օրինագիծը հանցավոր վարչախմբի ձեռքում վերածվելու է հակաազգային դավադրության գործիքի, բոլորին կոչ է անում առավելագույն ջանքեր գործադրել դրա ընդունումը խափանելու նպատակով: