Մաշտոցի պողոտայի այգում կրպակների կառուցապատման ընթացքում խախտվել են Հայաստանի Հանրապետության հողային, քաղաքաշինության և բնապահպանական օրենսդրության մի շարք դրույթներ: Այս մասին ասված է Մաշտոցի պողոտայի այգում այլ բնապահպանների թվում կրպակների կառուցման դեմ բողոքող «Մե՜նք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների նամակում, որն ուղղված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Նախաձեռնություններն անդրադառնում են Երևանի քաղաքապետարանի կողմից տրված իրենց նախորդ նամակի պատասխանին, որում գրված է եղել, որ «խնդրո առարկա այգում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա չէր, քանի որ կառուցապատման ընդհանուր մակերեսը չի հասնում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանային չափին, այն է` 1500 քմ:
«Հիշեցնում ենք, որ հենց Երևանի քաղաքապետարանի կողմից մեզ հանձնված փաստաթղթերի փաթեթում առկա ճարտարապետահատակագծային առաջադրանքում կառուցապատման ընդհանուր մակերեսը նշված է 10981 քմ, այսինքն` գերազանցում է նշված սահմանային չափը: Իսկ այն հանգամանքը, թե կառուցվող շինություններն ինչ մակերես ունեն կամ հիմնականեն թե ոչ, չի վերացնում ձեռնարկողի պարտականությունը` կառուցապատումն իրականացնել բացառապես շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձաքննական եզրակացության դեպքում», – նշում են նախաձեռնությունների ներկայացուցիչները:
Նրանք նշում են, որ պատասխանի մեջ տեղ է գտնել նաև պնդում, թե կառույցները ոչ հիմնական են, քանի որ կատարվել են նույն կարգով թույլատրելի` հողին ժամանակավորապես ամրացնելու միջոցով:
«Առաջարկում ենք, վերոնշյալ կարգը չենթարկել կամայական մեկնաբանության և փոխարենն այն ներկայացնել ամբողջությամբ: Մասնավորապես` մատնանշված կետին նախորդող կետը սահմանում է, որ ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը: Մինչդեռ ակնհայտ է, որ այգու կառուցապատման ընթացքում շինությունների ամրակցումն ընթանում է թաց պրոցեսների միջոցով», – ասված է նամակում:
Բողոքող ակտիվիստներն արձանագրել են նաև Երևանի քաղաքապետի և Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքերում առկա հակասությունները:
«Մի քանի օր առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ այգում կառուցվող շինությունները պատկանում են Երևանի քաղաքապետարանին, և որ վերջինս կարող է դրանք ազատորեն տնօրինել: Այս հայտարարությունը հակասում է մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի փետրվարի 21-ի հայտարարությանը, որում, մասնավորապես, ասված էր. «Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ տարածքը»: Այս իրարամերժ հայտարարություններն անվստահության և թերահավատության մթնոլորտ են ստեղծում», – նշում են նամակի հեղինակները` պահանջելով իրենց տրամադրել հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
1. Երևանի քաղաքապետի, ավագանու կամ այլ պաշտոնատար անձանց որոշում(ներ)ի պատճենները, որոնց հիման վրա Աբովյանի հանրային տարածքը մասնավորեցվել էր կամ վարձակալության/օգտագործման տրվել առևտրային նապատակով.
2. Ովքե՞ր են Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցների սեփականատերերը և նրանք ի՞նչ իրավունք են ունեցել այն հողատարածքների նկատմամբ, որոնց վրա կառուցված են եղել իրենց խանութները:
3. Ներկայացնել վարձակալության և բոլոր այլ տեսակի պայմանագրերի պատճենները, որոնց հիման վրա նշյալ խանութները կառուցվել և շահագործվել են Աբովյան փողոցում.
4. Երևանի քաղաքապետի որոշում(ներ)ի պատճենները, որոնց հիման վրա Աբովյան փողոցից ապամոնտաժվել են նշյալ կառույցները և տեղափոխվել խնդրո առարկա տարածք (ի դեպ, այս փաստաթուղթը պահանջել էինք նաև մեր առաջին գրությամբ, որը, սակայն, չէր ներկայացվել).
5. Ովքե՞ր են ներկայումս խնդրո առարկա տարածքում կառուցվող շինությունների սեփականատերերը: Եթե դրանք կառուցվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, ապա խնդրում ենք պարզաբանել, թե ինչու տարածքում ուշացումով տեղադրված շինարարության վերաբերյալ իրազեկման վահանակի վրա, չի ներկայացվել տեղեկատվություն «համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների շինարարության նախահաշվային արժեքի մասին».
6. Տարածքը «Կենտրոն-Կանաչապատում» ընկերություններին կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշման, կառուցապատման իրավունքի գրանցման վկայականի, տվյալ ՓԲԸ կանոնադրության և Երևանի քաղաքապետարանի ու ՓԲԸ միջև կնքված պայմանագրի պատճենները.
7. Եթե խանութները կառուցվում են իբրև փոխհատուցում, ապա խնդրում ենք տրամադրել բանակցությունների արդյունքում կնքված համաձայնագրերի և պայմանագրերի պատճենները, ինչպես նաև ներկայացնել թե այս խանութների տեղափոխման արդյունքում ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել Երևան համայնքը.
8. Ներկայացնել նաև հաշվարկներ, որոնք ցույց կտան, թե ապամոնտաժումից առաջ ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել մեր համայնքը Աբովյան փողոցի խանութներից: