Բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` կապված ՀՀ նախագահի նստավայրի մոտ անցյալ հինգշաբթի տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, կնոջ խոսքով, ոստիկանները իր ձեռքից վերցրել և ճմրթել էին որդու լուսանկարը:
Մուրադյանը նշում է, որ ակցիայի ժամանակ ինքը մոտեցել է նախագահականի դարպասներին, պարզել որդու լուսանկարը, որպեսզի «ճաղերից այն կողմ մեր երկրի նախագահը տեսնի և հիշի, որ ինքը 2011թ-ի հունվարի 27-ի իր տված խոստումները չի կատարել և ոչ մի զինվորի սպանության գործ չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել»:
«Այդ ժամանակ 4-5 ոստիկան մոտեցան ինձ և հրելով ասացին, որ փողոցն այն կողմ անցնեմ: Ես նրանց ասացի, որ հիմա կանցնեմ, միայն թող իմ որդու նկարը տեսնի Սերժ Սարգսյանը, որ հիշի մեզ ու իր տված խոստումները: Այդ ժամանակ ոստիկանները սկսեցին հրել ինձ: Երբ ես ասացի` դուք ո՞վ եք, որ ինձ հրում եք, նրանցից մի ոստիկան հարվածեց թևիս, որդուս նկարը ձեռքիցս խլեց ու ճմրթեց: Ես նրա ձեռքից քաշեցի որդուս նկարը. բարեբախտաբար նկարը շատ չէր ճմրթվել: Ես ոստիկանին ասացի, որ միգուցե իրեն կներեի ինձ հարվածելու, հրելու համար, բայց երբեք չեմ ների իմ սրբությունը, որդուս` Վալերի Մուրադյանի, նկարը անարգելու, անխղճաբար ճմրթելու համար: Ես պահանջեցի մի քանի անգամ, որպեսզի այդ ոստիկանը ներկայանա, սակայն, նա չներկայացավ:
Այժմ ես դիմում եմ Ձեզ, որպեսզի պատժվի և գործից հեռացվի այն ոստիկանը, որը անարգել է որդուս հիշատակը:
Կից ներկայացնում եմ լուսանկարները, որում պատկերված է այդ ոստիկանը: Ղարաբաղում խաղաղ պայմաններում սպանված զինվոր` Վալերի Մուրադյանի մայր` Նանա Մուրադյան», – նշված է նամակում: