ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առողջապահության և ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել` ինչպես կարող էր 11-ամյա աղջնակը մահանալ տղայի պատճառով մեկ այլ աղջկա հետ կռվի մեջ մտնելու հետևանքով:
«Նրանք կռվում էին մի տղայի պատճառով, ընդամենը տղայի: Հիմարություն»,-արտասվելով պատմել է մահացած աղջկա դասընկերուհի Ստեֆանի Սոլտերոն:
Միջադեպը տեղի է ունեցել դպրոցի տարածքից դուրս: Աղջիկները գնացել պայմանավորված վայր` հարաբերություններ պարզելու: Դեպքին ականատես են եղել ևս 7 դպրոցականներ: Միջադեպի ժամանակ որևէ զենք չի օգտագործվել և ոչ ոք գետնին չի ընկել: Ոստիկանությունը այժմ սպասում է դիահերձման արդյունքներին` պարզելու համար մահվան պատճառը:
Ջոաննայի համադասարանցիները պատմել են, որ օրվա երկրորդ կեսին աղջիկը սկսել է գանգատվել գլխացավից: Սակայն մինչ ուսուցիչը կկանչեր ծնողներին, նա կորցրել է գիտակցությունը և, համադասարանցիների խոսքերով, գրեթե չէր շնչում: Ծնողները նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն երեք ժամ անց բժիշկները հաստատել են նրա մահը: