Home / Հայաստան / Աբովյանում 26-ամյա կինը մահացել է ծննդաբերության ժամանակ

Աբովյանում 26-ամյա կինը մահացել է ծննդաբերության ժամանակ

Աբովյանի ծննդատանը ծննդաբերության ընթացքում մահացել է 26-ամյա Ֆլորա Աբգարյանը: Ինչպես Epress.am-ին հայտնել է Աբովյանի ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանը, մահը վրա է հասել կնոջը նարկոզ տալուց 12 րոպե անց:

«Սա Ֆլորայի երկրորդ ծննդաբերությունն էր: Առաջացան բարդություններ, ուստի որոշեցինք կեսարյան հատում անել: Նարկոզ տալուց հինգ րոպե հետո կնոջ մոտ սկսվել է  դժվար կառավարվող բարդություն: Մենք անմիջապես դիմեցինք Առողջապահության նախարարությանը, եկան մի խումբ մասանգետներ` Առողջապահության նախարարի  տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ»,- պատմել է  Լարիսա Մադոյանը:

Նրա խոսքով` կնոջ մոտ սկսվել է  բրոնխային կանգ և սրտի անբավարարություն: Մոտ 12 րոպե հետո նա մահացել է: Բժիշկը դժվարացել է պատասխանել` արդյոք մահվան պատճառը սխալ բժշկական միջամտությունն էր: Նա նշել է, որ այդ  մանրամասնները ի հայտ կգան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հրապարակելուց հետո:

Համաձայն նախարարության հայտարարության` դեպքը ուսումնասիրելու համար ստեղծվել է  հանձնաժողով: