Աստրախանում 9 հարկանի շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ փլատակների տակ են մնացել, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:
Այսօր առավոտյան մինչև 09:00-ն փրկարարները շենքի փլատակներից 4 դիակ են դուրս բերել, հայտնել է ՌԴ ԱԻՆ շրջանային վարչությունը: Մնացած տուժածների մարմինները դեռևս շենքի փլատակների տակ են:
«Ընդհանուր առմամբ բնակելի շենքում 289 մարդ էր ապրում: Իսկ փլուզված մուտքում` 58 մարդ», – նշել են փրկարարները: Հստակ տվյալներ, թե որքան մարդ է կոնկրետ տուժել դեռևս չեն հաղորդվում:
Միաժամանակ, փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել, որոնք փորձում էին օգնել վիրավորներին: «Սկզբում պայթյուն եղավ, մոտավորապես երկրորդ կամ երրորդ հարկում, երկրորդ և երրորդ հարկերը փլուզվեցին, պատը քանդվեց: Երկու մարդ իմ ներկայությամբ դուրս եկան այդտեղից: Մենք այնտեղ սողոսկեցինք օգնելու, և այդ պահին մնացած հարկերն էլ փլուզվեցին: Իմ ներկայությամբ երկու հոգի մնացին և ևս մի քանի հոգի, ովքեր այնտեղ էին փլուզվել, ներսում են մնացել»,-պատմել է ականատեսը:
Պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 27-ին` 13:10-ին: Նախնական վարկածի համաձայն, պայթել է կենցաղային գազը: