Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում բավական լարված է նախընտրական մթնոլորտը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։
Օրաթերթը հիշեցնում է, որ մեծամասնական ընտրակարգով տվյալ համայնքում պատգամավոր դառնալու ցանկություն ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի «մարդը»` ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը՝ Չախկալը։
«Այս վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը վաղուց հակասություններ ունի Միհրան Պողոսյանի և նրա հովանավորյալի հետ, ուստի վերջինս այս օրերին հրապարակային հայտարարում է, թե «կաշխատի» ցանկացած թեկնածուի օգտին, բայց չի պատրաստվում «սատարման» երեկոներ կազմակերպել Չախկալի համար։ Այս խոսակցությունների մասին տեղեկացել է նաև Միհրան Պողոսյանը, որը իրավիճակը հասկանալու համար նախաձեռնել է մի ամբողջ «ռազբորկաների» շարք համայնքի՝ «քաղաքականապես հասուն» հատվածի հետ։ Մասնավորապես, Արայիկ Քոթանջյանին Պողոսյանը հասկացրել է, որ ինչպես ինքը ցանկանա, այդպես էլ կլինի համայնքում։ Քոթանջյանը հայտարարել է, որ ինքն է որոշելու ում համար ինչ չափով «աշխատի»: Զրուցակիցները կոնսենսուսի չեն եկել, որից հետո համայնքում սկսել է «մենթական տեռորը»: Միհրան Պողոսյանի և Արթուր Ստեփանյանի կողմնակիցները համայնքի աշխույժ երիտասարդներին, որոնք չեն «աշխատում» ՀՀԿ-ի հետ, կանչել և գայթակղիչ առաջարկներ են ներկայացրել` ոմանց գումար են խոստացել, ոմանց էլ ասել են, թե կարող են լավ աշխատանքով ապահովել նրանց։ Նրանք, ովքեր չեն համաձայնել ընդունել «աշխատանքի հրավերը», խոսակցության այլ հարթություն են տարել՝ շոշափելով ուժային կառույցների հետ խնդիրներ ունենալու հնարավորությունը», – մասնավորապես, գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։