ՌԴ վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նկատմամբ նախապատրաստվող մահափորձի կասեցման մասին սկանդալային լուրը «ոչ մի կերպ չի անդրադարձել նրա ոչ տրամադրության, ոչ էլ աշխատանքային ռիթմի վրա»: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին հայտնել է վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը գիտի իր կյանքի հանդեպ պատրաստվող բոլոր մահափորձերի մասին և, «դա երբեք չի հանգեցնում նրան, որպեսզի նա փոխի իր աշխատանքային գրաֆիկը. նա չի հրաժարվում ոչ ծրագրված ճամփորդություններից, ոչ այս կամ այն օբյեկտներ այցելությունից»,-ասել է Պեսկովը:
«Ցավոք սրտի մենք դեռ ունենք թշնամիներ… Դա նրանք են, ովքեր դիմադրում են, ի դեպ, զենքը ձեռքներին այն ամենին, ինչի շուրջ աշխատում է Պուտինը, մասնավորապես, Հյուսիսային Կովկասում և երկրի այլ շրջաններում իրավիճակի ամբողջական կայունացման վրա: Ռուսաստանի պահպանմանը: Այս մարդիկ ոչ թե պարզապես դեմ են դուրս գալիս. նրանք տարբեր ապօրինի գործողություններ են ձեռնարկում: Դրանք հանցավոր խմբավորումներ են: Եվ երբ Պուտինն ասում է, որ պայքարը շարունակվում է, դա բարձրագոչ հայտարարություն չէ, նա շատ լավ գիտի, խնդիրն ինչումն է», – ընդգծել է մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ նախապատրաստվող մահափորձը: Կասկածյալները ձերբակալվել էին Օդեսայում 2012 թվականի սկզբին: Ռուսաստանյան «Առաջին ալիքի» հաղորդմամբ` ձերբակալվածների ցուցմունքների համաձայն, մահափորձը պետք է իրականացվեր մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Նշենք, սակայն, որ ռուսական ԶԼՄ-ներում միաժամանակ հակասական կարծիքներ կան այս մահափորձի վերաբերյալ: Մի շարք քաղաքագետներ և քաղաքական գործիչներ չեն բացառում դրա բեմականացված լինելու հնարավորությունը: Այդուհանդերձ վարչապետի քարտուղարը նման կասկածները առնվազն «սրբապղծություն է» համարել: Իսկ Ռուսաստանյան առաջին ալիքի մամլո ծառայությունում առհասարակ «հոգեկան հիվանդ» են անվանել այն մարդկանց, ովքեր կարող էին կասկածել, որ Պուտինի դեմ իսկապես մահափորձ էր նախապատրաստվում: