ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց Ցեղասպանության բանաձևի համահեղինակներ` հանրապետական Ռոբերտ Դոլդը և դեմոկրատ Ադամ Շիֆն իրենց 59 սենատոր և կոնգրեսական գործընկերների ստորագրությամբ նամակ են ուղղել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնին` պահանջելով նրանից հրաժարվել վերջերս հրապարակայնորեն Հայոց Ցեղասպանությունը որպես «պատմական բանավեճ» ներկայացված սխալ բնորոշումից, հայտնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն:
Քլինտոնին ուղղված նամակում նշվում է, որ «Հայոց Ցեղասպանությունը պատմականորեն սխալ բնորոշմամբ որպես բաց հարց ներկայացնելը ոչ միայն վիրավորում է ամերիկահայերին և Ցեղասպանության զոհերին, այլև Թուրքիայի հանրապետությանն է առաջարկում իր աջակցությունը հանցավոր մերժողականության քաղաքականության հարցում»: Նամակի հեղինակները հիշեցնում են Պետքարտուղարին, որ վերջինս 2006 թվականին ԱՄՆ ներկայիս նախագահ, իսկ այն ժամանակ սենատոր Բարաք Օբամայի հետ նամակ էր ուղղել նախագահ Բուշին, որում բացատրում էր, որ Հայոց Ցեղասպանությունը «1915 թվականին Օսմանյան կայսրության օրոք հայերի դեմ ծրագրված և համակարգված արշավը ցեղասպանություն է եղել…»
Կոնգրեսականների նամակում մեջբերվում է նաև 2008 թվականին Քլինտոնի կողմից արված հրապարակային հայտարարությունը, երբ որպես սենատոր և ԱՄՆ նախագահի թեկնածու նա ասել էր. «Հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրագործված սարսափելի իրադարձությունները ցեղասպանություն են», և որ «մեր ընդհանուր բարոյականությունը և մարդու իրավունքների պաշտպնության հարցում մեր ազգի հաստատակամությունը ստիպում է մեզ, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի և հիշվի կոնգրեսի և ԱՄՆ նախագահի կողմից»:
Պետքարտուղար Քլինտոնը պետք է պատասխանի ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներին հարցերին այս շաբաթ: