Այսօր Երևանի քաղաքապետարանը, պատասխանելով Մաշտոցի պուրակի շինարարության հետ կապված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 20.02.2012թ.-ի հարցմանը, հայտնել է, որ պուրակի տարածքում հողհատկացումները նոր չեն կատարվել, այլ դեռևս 2001-2006թ.-ին: «Այդ ժամանակ քաղաքապետեր Ռոբերտ Նազարյանի և Երվանդ Զաքարյանի կողմից հողհատկացումները կատարվել են 5-25 տարի ժամկետով»,- ասված է պատասխանի մեջ:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Epress.am-ին հայտնել է, որ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածը 2001-2006 թվականներին վարձակալության իրավունքով հանձնվել է Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ընկերությանը: Հարցին, թե արդյոք վարձակալության իրավունք տալուց` քաղաքապետարանը չի դրել նախապայման, որ «Կենտրոն-Կանաչապատումը» չպետք է կրպակներ տեղադրի հանրային վայրում, Արթուր Գևորգյանը պատասխանել է. «Վարձակալության տրամադրումը տեղի է ունեցել հստակ իրավական ընթացակարգով: Մաշտոցի պուրակը պատկանում է Երևան համայնքին, իսկ «Կենտրոն-Կանաչապատումը» պարզապես վարձակալել է տարածքը, և առաջարկել Աբովյանի որոշ կրպակատերերի ժամանակավորապես իրենց կրպակները տեղափոխել իր վարձակալած տարածքը»- ասել է Արթուր Գևորգյանը: