Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններում սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընտրվելու դեպքում խորհրդարան վերադարձնել Սահմանադրական խորհրդի կողմից երեկ հակասահմանադրական ճանաչված 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը` հղում կատարելով «Անադոլու» գործակալությանը:
Օլանդը խոստացել է վերսկսել հարցի քննարկումը, եթե իրեն հաջողվի երկրի նախագահ դառնալ:
«Անհնար է նոր բանաձև պատրաստել օրենսդրական տարվա ավարտի պատճառով: Բայց ես այն կրկին կվերադարձնեմ, և կփորձեմ խոստումս կատարել»,- ասել է Օլանդը:
Նշենք, որ ավելի վաղ Օլանդը հայկական ծագում ունեցող 400 ֆրանսիացիների առջև խոստացել էր խնդրել Ֆրանսիական Սենատի նոր ձախական մեծամասնությանը «կրկին ընդունել Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին քրեական հետապնդման ենթարկելու մասին օրինագիծը»:
Օլանդը նկատել է, որ Ֆրանսիայում բնակվող հայերի ակնկալիքները շատ կարևոր են, սակայն նա միաժամանակ ընդգծել է, որ Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքը չպետք է իրեն որպես քրեական հետապնդման թիրախ զգա:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել երկրի խորհրդարանի ստորին և վերին պալատների կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն հայտարարել է, որ խնդրել է կառավարությանը օրինագծի նոր տեքստ հեղինակել՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի կարծիքը: