Home / Հայաստան / «Մնում էր Եվրատեսիլից խոսեիք». Շարմազանովը Սաֆարյանին հորդորել է «խելոք նստել տեղը»

«Մնում էր Եվրատեսիլից խոսեիք». Շարմազանովը Սաֆարյանին հորդորել է «խելոք նստել տեղը»

Արտակարգ դրության իրավական ռեժիմի օրինագիծն Ազգային ժողովում ընդունելուց հետո ԱԺ նախագահությունը վարման կարգի վերաբերյալ ձայն չտվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանին` նշելով, որ նա արդեն մի քանի անգամ ձայն խնդրել է:

Նշենք, որ նախագծի ընդունումից անմիջապես հետո դահլիճը գրեթե դատարկվեց, և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների բոլոր ջանքերը` հաշվել, թե, այնուամենայնիվ, քանի պատգամավոր է եղել դահլիճում քվեարկության ժամանակ, ապարդյուն անցան: Հիշեցնենք, որ, համաձայն պաշտոնական տվյալների, քվեարկության ժամանակ դահլիճում ներկա է եղել 88 պատգամավոր, որոնցից 67-ը կողմ է քվեարկել նախագծին, 1-ը դեմ, իսկ «Ժառանգության» և ՀՅԴ պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

Երբ քվեարկության դրվեց գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, Ստեփան Սաֆարյանը հերթագրվեց ելույթի համար:

Նա նշեց, որ եթե օրենքը որևէ մեկը չի պահպանել, ապա օրենսդիր աշխատանքը ինքնին կորցնում է իր իմաստը:

Նա հիշեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը խնդրել էր արտակարգ դրության մասին օրենքի քվեարկությունից հետո պահել ցուցատախտակը, որտեղ երևում է, թե որ պատգամավորն է քվեարկել, սակայն դա ամենևին էլ չօգնեց հաշվել ներկաներին:

«Դուք այսօր տաբլոն պահեցիք և միջանցքներ բացեցիք, թույլ տվեցիք, որ բոլորը հեռանան, էդ դեպքում ձեր տաբլոն պահելը ի՞նչ իմաստ ունի, եթե ես չեմ կարողանալու ապացուցել, թե ով է դահլիճում և ով է բացակա: Հետևաբար ես կոչ եմ անում`  տպավորություն մի ստեղծեք, թե մենք հասարակության հետ հարաբերություններ ենք կարգավորում, տպավորություն չստեղծենք, թե մենք կյանքը թեթևացնում ենք ամենատարբեր ոլորտներում: Պարզ, բացահայտ ասենք, որ երբ ուզենք օրենքը գործելու է, երբ ուզենք օրենքը չի գործելու է», – ասել է Ստեփան Սաֆարյանը:

Նա նաև նշել է, որ այսօրվա նիստի սկզբից մինչև իր խոսելու պահը խոչընդոտվել է «Ժառանգություն» խմբակցության աշխատանքը` դահլիճում ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի ընդդիմությունը չկարողանա անգամ ասել, թե դահլիճում ով ում փոխարեն է քվեարկել:

Սաֆարյանի այդ խոսքից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Մնում էր` Եվրատեսիլից խոսեիք: Խելոք նստի տեղդ, ես գիտեմ` ինչ եմ անում»: