Ադրբեջանի իշխանությունները բավարարել են Գուբա քաղաքի ղեկավարին պաշտոնանկ անելու հազարավոր մարդկանց պահանջը: Գուբայի քաղաքապետ Ռաուֆ Հաբիբովն ազատվել է աշխատանքից: Այս մասին մոտ մեկ ժամ առաջ ցուցարարներին հայտնել է Գուբայի պատգամավոր Վահիդ Ահմեդովը, հայտնում է «Թուրան» գործակալությունը:
Նա հայտնել է նաև այսօրվա ցույցի ընթացքում ձերբակալված 8 մարդկանց ազատ արձակման մասին, միաժամանակ հայտարարել է, որ մնացած 14-ը շուտով նույնպես ազատության մեջ կլինեն և հորդորել է ցրվել: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր հարյուրավոր մարդկանց ձերբակալության մասին:
Քաղաքապետի պաշտոնանկության լուրը ցնծությամբ է ընդունվել ժողովրդի կողմից: Սակայն ցուցարարները չեն ցրվում:
Առաջատար ընդդիմադիր և հասարակական կազմակերպություններին համախմբած Հանրային պալատը հայտարարել է, որ գուբացիների պահանջները հիմնավորված են:
Ընդդիմադիրները մտահոգված են իշխանությունների կողմից ուժի կիրառման փաստով և կոչ են անում չդիմել բռնաճնշումների:
Հանրային պալատի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ տեղի ունեցող իրադարձությունները իշխանությունների հակազգային քաղաքականության հետևանք են. «Տեղի ունեցող իրադարձությունները ապացուցում են, որ Ադրբեջանն այլևս չի կարող կառավարել նախկին մեթոդներով»,- նշվում է հայտարարության մեջ: Այսօրվա ցույցի պահանջների մեջ է մտնում սոցիալական և տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացումը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ադրբեջանի Ներքին զորքերը արցունքաբեր գազ են կիրառել ոստիկանության վարչության մոտ ցույց իրականացնողների դեմ: Նրանց հետ փորձել է բանակցություններ վարել պատգամավոր Վահիդ Ահմեդովը:
Գազի կիրառումը հանգեցրել է բախումների թեժացմանը և պատգամավորը ստիպված է եղել լքել հրապարակը: Կես ժամ անց նա կրկին վերադարձել է և հաղորդել, որ ՆԳ նախարարը խոստացել է կես ժամվա ընթացքում ազատել բոլոր ձերբակալվածներին, որոնք ոչ թե 200-ն են, այլ 22-ը:
Բախումների ընթացքում վնասվածք է ստացել լրագրողների ազատության և անվտանգության Ինստիտուտի օպերատոր Ռաշադ Ալիևը:
Գուբայում և հարևան Խաչմազե, Գուսարե շրջաններում անջատվել է ինտերնետը, ինչպես նաև բջջային կապը: