Home / Հայաստան / «Ժողովուրդը տնօրինում է փողի ընդամենը 20%-ը». Հրանտ Բագրատյան (թարմացվում է)

«Ժողովուրդը տնօրինում է փողի ընդամենը 20%-ը». Հրանտ Բագրատյան (թարմացվում է)

19:30 Ելույթն է սկսել ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նշել է, որ կկրճատի ելույթը, որպեսզի մարդիկ չմրսեն, իսկ ամբողջական տարբերակը մարդիկ կարող են ընթերցել ԶԼՄ-ներում:

19:26 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանրահավաքից հետո երթ է անցկացվելու դեպի Մյասնիկյանի արձան: “Մարտի 1-ի հրապարակ”, – ընդգծել է Փաշինյանը: Այնտեղ երթի մասնակիցները հարգելու են զոհերի հիշատակը:

19:00 Հրանտ Բագրատյան.

«Տնտեսությունը հասել է էն վիճակի, որ ժողովուրդը տնօրինում է փողի ընդհամենը 20%-ը: Մոնոպոլիան այն աստիճանի են հասցրել, որ իրենք էլ են տուժում, քանի որ իրենց արտադրածը ժողովուրդը փող չունի որ առնի»:

Հրանտ Բագրատյանը նկատել է, որ ամեն ինչ արվում է փոքր ու միջին բիզնեսներին աշխատել թույլ չտալու համար, ինչի մասին վկայում է այն, որ տարբեր ոլորտներում աշխատելու համար լիցենզիայի անհրաժեշտության մասին օրենքներ են ընդունվում: «Հայաստանում 90-ականներին 930 թույլտվություն կար: Մի օրում 930 դարձավ 30: Հիմա նորից դարձրել են 930:  Լիցեզիա պետք չէ փորքրածավալ առևտրով զբաղվելու համար: Փաստաբանին լիցենզիա պետք չէ, նոտարին լիցենզիա պետք չէ: Ինչո՞ւ են այդքան լիցենզիա պահանջում, որպեսի ուրիշները չկարողանա՞ն փոքր բիզնես սկսել:

Վրաստանը 70% վերացրել է լիցենզիաները, անում է այն, ինչ Հայաստանում արել են 90-ականներին», – ասել է տնտեսագետը:

Նա նկատել է նաև, որ աղքատության մակարդակը այնքան է աճել, որ Հայաստանը հայտվել է ամենաաղքատ երկրների ցանկի 140-րդ տեղում:

18:40 «Ստեղծված են բոլոր նախադրյալները…». Զուրաբյան` Ազատության հրապարակում

«Ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի մենք կարողանանք ջարդել ռեժիմը: Նորանկախ պատությման մեջ առաջին անգամ իշխանությունները մոտենում են ընտրություններին ջախջախված վիճակում:

2007 թ. տրանսֆերտայիյն ժամանակահատվածի համամեմատ, այսօր ստեղծված է ծայրահեղ սոցիալ-տնտեսական վիճակ:

Երկրում գործում է հզոր ընդդիմություն, ժողովրդական շարժում` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի: Այսօրվանից մեր արշավը դեպի մայիսի ընտրություններ համարենք սկսված:

Բոլորիդ կոչ ենք անում ավազակապետության հեռացման այս բացառիկ հնարավորությանը միանալ: Դիմեք տարածքային գրասենյակներին, որպեսզի զինվորագրվեք ազատ, անկախ Հայաստանի կայացմանը:

18:20 Նիկոլ Փաշինյան.

«Այս թվականի մարտի 1-ին ուզում եմ հայտարարել. «Իմ քաղաքական գործունեությունը միտված է լինելու հաստատել սոցիալ-քաղաքական մի այնպիսի վիճակ, որ մարտի 1-ի հանցագործներին ժողովրդի դատաստանի, դատարանի առջև կանգնեն: Առաջինը Ռոբերտ Քոչարյանն օրենքով սահմանված կարգով պետք է մեղադրվի անզեն ցուցարարների վրա կրակի հրաման տալու և այդպիսով պետական իշխանությունը յուրացնելու, սահմանդրական կարգը տապալելու համար: Երկրորդը` Սերժ Սարգսյանը, հաջորդը` Հովիկ Աբրահամյանը»:

Փաշինյանը հերթով թվում է անունները` Հայկ Հարությունյան, Աղվան Հովսեփյան, Գորիկ Հակոբյան, Միքայել Հարությունյան, Վովա Գասպարյան, Անդրանիկ Միրզոյան, Վահագն Հարությունյան, Սեյրան Օհանյան:

18:15 Նիկոլ Փաշինյան.

«2008 թվականից հետո սա առաջին մարտի 1-ի հանրահավաքն է, որին ես մասնակցում եմ: Չենք հավաքվել հերթական անգամ սգալու: Եկել ենք Ազատության հրապարակ շնորհավորելու բարիկադների վրա քաղաքացու ծննդյան և իր իրավուքների համար պայքարելու համար: Նախկինում երբեք չի եղել, որ հայ քաղաքացին բարիկադներ կառուցի: Ճշմարտությունն ավելին է, քան ցանկացած քաղաքական շահ, նվիրումն ավելի է, քան ցանկացած շահ… Մենք պետք է արձանագրենք, որ չի կարող ապագա ունենալ այն երկիրը, որտեղ հաստատվել է սեփական ժողովրդի վրա կրակած իշխանություն: Թշնամի վարչախումբն առավելագույնը պետք է անի քաղքացուն ու ժողովդրին ծնկած պահելու համար: Քոչարյանասերժական վարչախումբը  թշնամություն է ժողովրդի համար, և, քանի դեռ չի կործանվել այդ վարչախումբը, զարգացման մասին որևէ խոսակցություն ցնորք է»:

18:10 Ելույթ է ունենում 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

Նա նշել է, որ լրացավ չորրորդ տարին, իսկ իրենք այդպես էլ մնացին սպասելով, որ կբացահայտվեն սպանությունները:

«Անցավ մեկ տարի Սերժի ասածից հետո, բայց ոչ մի բացահայտում չեղավ», – ասել է Քլոյանը:

Նրա խոսքով` Հայաստանը իրավական, սոցիալական և ժողովրդավարական երկիր չէ, ինչպես Սերժ Սարգսյանը փորձում է ներկայացնել արտասահմանում:

«Դինքի սպանության հինգ տարին լրացավ, հայաստանյան մամուլը շարունակեց քննադատել Թուրքիայի իշխանություններին, բայց ովքե՞ր են մեղադրողները: Ոչ ավել, ոչ պակաս մեր իշխանավորները», – ասել է Սարգիս Քլոյանը:

18:05 Մեկնարկեց Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը:

«Հերոսներին պետք է պատվել բուռն ծափերով», – ասաց Նիկոլ Փաշինյանը` հնչեցնելով մարտի 1-ին զոհվածների անունները: Ազատության հրապարակում հավաքվածները ծափահարում են:

Հնչեցվեց նաև Հայաստանի Հանրապետության օրհներգը: