Home / Հայաստան / Հայ զինվորը սպանվել է ադրբեջանցիների՞ կողմից. Ըստ ՊՆ-ի` մանրամասները դեռ հրապարակման ենթակա չեն

Հայ զինվորը սպանվել է ադրբեջանցիների՞ կողմից. Ըստ ՊՆ-ի` մանրամասները դեռ հրապարակման ենթակա չեն

Փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում զոհված Ալբերտ Ադիբեկյանը, հնարավոր է, մահացել է իր զինընկերոջ կողմից արձակված կրակոցից, այլ ոչ թե սպանվել է հակառակորդի դիպուկահարի կողմից:  Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը նշել է, որ այսպիսի տեղեկատվություն իրեն հայտնել է քննիչ Յուրա Բադալյանը:

Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով` քննիչը նշել է, որ զինվորի դիահերձումը ցույց է տվել, որ նա սպանվել է ընդամենը 7 մետր հեռավորությունից արձակված գնդակից:

Հիշեցնենք, որ պաշտոնական նախնական վարկածի համաձայն, 20-ամյա Ալբերտ Ադիբեկյանը մահացել էր Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը դեպքի առնչությամբ նշել էր, որ ՀՀ ՊՆ-ն հետամուտ է լինելու, որպեսզի զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի սպանությունը ստանա իր պատասխանը, և Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը պատասխանատվություն ստանձի իր գործողությունների համար:

Հիշեցնենք,  նաև, որ  Ալբերտ Ադիբեկյանի սպանությունից հետո մի խումբ երգիչներ հայտարարություն էին տարածել, որում բոյկոտում էին Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ  երգի մրցույթը և հրաժարվում մասնակցել երգի մրցույթի մի երկրում, որի դիպուկահարը հայ զինվորի է սպանել և որտեղ կան հայ գերիներ:

Epress.am-ը փորձել է ճշտել ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից, թե արդյոք քննիչի հաղորդած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Սարգսյանն ասել է, որ պաշտոնապես ոչ հաստատում, ոչ հերքում է տեղեկատվությունը, քանի որ գործը նախաքննության փուլում է:

«Գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 մասով, այս պահին գործը գտնվում է  նախաքննության փուլում և այս փուլում բացահայտված փաստերը դեռ ենթակա չեն հրապարակման», – ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ գործի հետ կապված այլ հայտարարություններ չեն արվի, քանի դեռ քննությունն ավարտված չէ: