Home / Հայաստան / 14-ամյա աղջիկը դժվարանում է խոսել և ցուցմունք տալ իր ուսուցչի դեմ

14-ամյա աղջիկը դժվարանում է խոսել և ցուցմունք տալ իր ուսուցչի դեմ

Սյունիքի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը երեկ այցելել է հարթաշենցի 14-ամյա Կարինեին (անունը փոխված է), որին, հորեղբոր պնդմամբ, բռնաբարել է գյուղապետ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը:

«Երեխան շատ ծանր հոգեբանական վիճակում է, սթրես է տանում, լարված է»,- hetq.am-ի հետ զրույցում ասել է Նաիրա Ավանեսյանը:

Բաժնի պետի խոսքով` Կարինեն դժվար հաղորդակցվող երեխա է, և դեպքի մասին հիմնականում ոչ թե նա է ցուցմունք տվել, այլ ծնողները: «Իհարկե, իմ նպատակը ոչ թե դեպքի մանրամասները ճշտելն էր, այլ երեխային աջակցություն ցուցաբերելը,- նշել է Ավանեսյանը,- Ինձ հետ երեխայի տուն էր եկել նաև հոգեբան: Նա էլ փորձեց աշխատել աղջկա հետ, բայց տան մեջ բոլորի ներկայությամբ դա անել հնարավոր չէր. ես ծնողներին առաջարկեցի, որ նման պարագայում ավելի նպատակահարմար է երեխային տեղափոխել այլ միջավայր, որպեսզի վերականգնումը մի քիչ ավելի արագ կատարվի»:

Սակայն ընտանիքի անդամները, ըստ Նաիրա Ավանեսյանի, համաձայն չեն և մտավախություն ունեն, որ երեխային տնից հանելը ավելի վատ հոգեբանական վիճակի կհանգեցնի:

«Առաջարկեցինք թեկուզ Գորիսում մի բարեկամի տուն տեղափոխել, պարզապես կտրել այդ միջավայրից, որովհետև այդ տանը բոլորով հավաքվում են, խոսում են, երեխան էլ այդքանին ականատես է լինում և ավելի լարվում»,- ասել է մարզպետարանի ներկայացուցիչը:

Վերջինս խոսել է Կարինեի փաստաբանի հետ` առաջարկելով իր անունից ընտանիքին համոզել, որ երեխային տեղափոխեն այլ տեղ: «Բայց չեն ուզում, երևի մտածում են, որ եթե երեխային ուրիշ տեղ տանեն, հնարավոր է` մյուս կողմը հանդիպի, գուցե երեխային վախեցնի»,- ասել է Ավանեսյանը:

Ավելի վաղ Կարինեի հորեղբայրը «Հետքի» հետ զրույցում պատմել է, որ միջադեպին ականատես են եղել աղջկա դասընկերուհիները, որոնք սկսել են կասկածել, քանի որ ուսուցիչը մի քանի անգամ ֆիզկուլտուրայի ժամին «ինչ-որ տեղ է տարել նրան»:

«Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնացել է ու բանալու անցքով նայել», – պատմել էր հորեղբայրը:

«Հետքի» տեղեկություններով՝ սա առաջին անգամը չէ, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր և, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ:

Ղուկասյանի դեմ քրեական գործ էր հարուցվել 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հատկանիշներով:

Ինքը` գյուղապետը, այս ամենը զրպարտություն է համարում:

«Զրպարտում են, նման բան չկա», – «Երկիր» թերթի հետ զրույցում ասել էր Ղուկասյանը և սպառնացել, որ «ով էլ որ գրել ա, ինչ էլ գրել ա, դրա համար պատասխան ա տալու»: