ԱՄՆ Մոնտանա նահանգի դաշնային դատարանի նախագահ Ռիչարդ Սեբուլը դատական գործ է հարուցել ինքն իր դեմ: Դատավորը ինքն իրեն մեղադրում է ԱՄՆ նախագահի վերաբերյալ ռասիստական կատակ անելու մեջ: Այժմ գործի առնչությամբ դատական ստուգումներ են ընթանում, հայտնում է Lenta.ru-ն:
Երկրի նախագահի վերաբերյալ վիրավորական անեկդոտ պարունակող նրա էլեկտրոնային նամակը պատահաբար հայտնվել է ԶԼՄ-ներում, որից հետո դատավորը ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել:
«Մայրիկի հիշողություններ» թեմայով նամակը փետրվարի 20-ին Սեբուլի աշխատանքային էլեկտրոնային փոստից ուղարկվել է նրա 6 մտերիմ ընկերներին և ծանոթներին: Նամակում նա հետևյալ անեկդոտն է պատմում. «Փոքրիկ տղան հարցնում է մորը. «Մամ, ինչո՞ւ եմ ես սև, իսկ դու` սպիտակ: Մայրը պատասխանում է. «Մի էլ հարցրու, Բարաք: Դատելով նրանից, թե ինչ եմ հիշում այդ երեկույթից, ուրախ եղիր, որ դեռ չես հաչում»:
Դատավորի ընկերներն իրենց հերթին նամակն ուղարկել են իրենց ծանոթներին: Այդպիսով, նամակը, տարածվելով, հայտնվել է The Great Falls Tribune պարբերականի խմբագրությունում:
Փետրվարի 29-ին դատավորը պաշտոնապես ներողություն է խնդրել և հայտարարել, որ գիտակցում է անեկդոտում առկա ռասիստական ակնարկը, սակայն ինքը անձամբ ռասիստ չէ: Հաջորդ օրը`մարտի 1-ին, դատավորը պաշտոնական ներողություն է ուղարկել Բարաք Օբամային և նրա ընտանիքին: