«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Հրապարակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ ինքը մեծամասնական ընտրակարգով կարող է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ընտրատարածքից:
«Քաղաքական խորհրդի վերջնական որոշման արդյունքում մենք կհրապարակենք այդ որոշումը, բայց ես վճռական եմ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու հարցում», – ասել է Բիշարյանը` հավելելով. «Ողջ համայնքը չի կարող լինել մի ընտանիքի սեփականություն»:
Թերթը հիշեցնում է, որ 2007 թվականին այստեղից պատգամավոր էր ընտրվել Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), որը թեպետ ՀՀԿ-ական չէր, բայց ՀՀԿ խմբակցության անդամ էր: Սակայն 2008-ի նախագահական ընտրություններից և մարտի 1-ի իրադարձություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող Հակոբյանին զրկեցին մանդատից: Այս ընտրատարածքում տեղի էին ունեցել նոր ընտրություններ, և պատգամավոր էր ընտրվել Կորյուն Նահապետյանը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսան: Ինքը` Ալեքսանյանն էլ Մալաթիա-Սեբաստիայի մյուս` թիվ 7 ընտրատարածքի պատգամավորն է: