Ֆրանսիայում ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին Բասկոնիայում հարյուրավոր զայրացած ցուցարարներ բոյկոտել են նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը ընտրողների հետ նրա նախընտրական շրջագայության ընթացքում, հայտնում է BBC-ն:
Նախագահը ստիպված է եղել թաքնվել Բայոնա քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող բարում, որտեղ նա թիկնապահների և ոստիկանության հսկողության տակ է մնացել մեկ ժամից ավելի, այդ ողջ ընթացքում ամբոխի միջից ձվեր էին նետվում դեպի հաստատություն:
Սարկոզին ցուցարարներին խուլիգան է անվանել: Ըստ նախնական տեղեկությունների`Նրանց մեջ են եղել նաև բասկ ազգայնականները և սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի աջակիցները:
Թշնամաբար տրամադրված ամբոխը վանկարկել է. «Նիկոլա կամպորա», որը բասկերի լեզվով նշանակում է «Նիկոլա, հեռացի´ր»:
Նախագահի վրա նաև թերթոններ են նետել, որոնցում պահանջվում էր ավելի շատ ինքնավարություն տրամադրել Բասկոնիային:
Այս իրադարձություններից նյարդայնացած նախագահը դատապարտել է «փոքրամասնության անդամների այս ագրեսիան և նրանց անընդունելի պահվածքը»:
«Մենք ֆրանսիական հանրապետության տարածքում ենք գտնվում, և հանրապետության նախագահը ժամանում է այնտեղ, որտեղ ուզում է: Եվ եթե դա դուր չի գալիս հասարակական կարգը խանգարող փոքրամասնությանը, դա նրանց ոչ մի լավ բան չի բերի»,-ասել է Սարկոզին:
Նախագահին միաժամանակ զարմացրել է այն փաստը, որ Օլանդի համակիրները միացել են ազգայնականներին, որպեսզի բռնի միջոցներով խանգարեն հասարակ մարդկանց հանդիպել և զրուցել իր հետ:
Միաժամանակ, Ֆրանսուա Օլանդի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ սոցիալիստների առաջնորդը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, և որ իր կուսակցության անդամներից և ոչ մեկը չի մասնակցել Բայոնում տեղի ունեցած միջադեպին:
Ընտրողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Սարկոզին վարկանիշով հետ է մնում Օլանդից, թեև նրանց միջև տարբերությունը կրճատվում է: