Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այլևս փակում է Facebook սոցիալական ցանցում իր էջը: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հայրապետյանի խոսքով` ինքը էջը չի բացել, որպեսզի այնտեղ իրեն վիրավորեն, օրինակ, «շեյխ անվանեն, որը կամայական որոշում է կայացնում»: Էջը, ըստ ՀՖՖ նախագահի, բացվել էր երկրպագուների հարցերին պատասխանելու համար:
Բանախոսն անդրադարձել է նույն Facebook-ում վերջին երկու օրերին քննարկվող իր այն հայտարարությանը, համաձայն որի Սերբիայի խաղին հանդես եկած դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն այլևս չի կրելու ազգային հավաքականի շապիկը:
ՀՖՖ նախագահը հիշեցրել է, որ ազգային ընտրանու անհաջողությունների դեպքում մեղադրում են իրեն, քանի որ ինքը պատասխանատու է թիմի համար, այդ իսկ պատաճառով ինքը ազգային հավաքականի հետ կապված որոշումներ պետք է կայացնի:
«Մարզիչը հրավիրում է այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է: Այդ հարցում նա ազատ է, և դա իր իրավունքն է: Մարզիչն է որոշում տակտիկան, մարզիչն է որոշում` ով կխաղա, ով կլինի պահեստայինների նստարանին: Դա մարզչի իրավունքն է: Իսկ իմ իրավունքը նա է, որ այն ֆուտբոլիստը, որը չի համապատասխանում մեր հավաքականի փայլուն մթնոլորտին, ընտանեկան մթնոլորտին, թույլ չտամ հագնի ազգային հավաքականի մարզաշապիկը: Չեմ թույլ տա, որպեսզի բրակ ֆուտբոլիստներ գան հավաքական, և, հավաքականի շապիկը կրելով, անպատվեն մեր հավաքականը», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Նա հիշեցրել է, որ Facebook-ի էջում և ԶԼՄ-ներում իրեն մեղադրել են, որ ինքը խառնվում է մարզչի գործերին` ընդգծելով, որ ինքն այն մարդն է, որ կարող է նաև մարզչին փոխել:
«Փորձում են այդ հոդվածներով նսեմացնել երիտասարդ, փայլուն մարզչի աշխատանքը: Մենք ունենք փայլուն հավաքական, հրաշալի երիտասարդ մարզիչ, որն ազատ է իր գործողությունների մեջ: Որևէ մեկը չի կարող ասել, որ ես երբևիցե տակտիկայի, ֆուտբոլիստներին խաղացնելու հարցում թույլ եմ տվել միջամտել: Իհարկե, ամեն խաղից հետո ես ու մարզիչը քննարկում ենք, կարծիքներ ենք փոխանակում, լինում է, որ մեր կարծիքները չեն համապատասխանում, կան ֆուտբոլիստներ, որոնք իմ կարծիքով չպետք է հրավիրվեն հավաքական, բայց մարզիչը հրավիրում է: Իհարկե, եթե մարզչի դուրը գա Մելիքսեթյանը, ես երբեք թույլ չեմ տա ինձ հայտարարել, որ Մելիքսեթյանը հավաքականի շապիկ չի հագնի: Բայց եթե տեսնեմ, որ մարզիչը շարունակում է հրավիրել մի ֆուտբոլիստի, որը հավաքականի մակարդակին չի համապատասխանում, ես հստակ իմ որոշումը կկայացնեմ», – ասել է ՀՖՖ նախագահը:
Հայրապետյանի խոսքով` Մելիքսեթյանի` հավաքականին չհամապատասխանելը երևացել է ոչ միայն խաղի ժամանակ, այլև մարզումների: Նա նշել է, որ հավաքականում հիանալի մթնոլորտ է ստեղծված, և ինքը պետք է պահպանի այն, ու ոչ մեկին թույլ չի տա «քիթը խոթել իր գործերի մեջ»:
«Բացի դա, կա ներքին խոհանոց: Ես իմ հայտարարություններով նաև փորձում եմ ինչ-որ մեկին ներսում հասկացնել, որ «դու պետք ա անես սենց, դու պետք ա ապրես սենց»», – նշել է ՀՖՖ նախագահը:
Ռուբեն Հայրապետյանը նաև գոհունակություն է հայտնել հավաքականի նորեկ Արաս Օզբիլիսի խաղի կապակցությամբ` նշելով, որ թիմը հիանալի խաղացող է ձեռք բերել:
Նրա խոսքով` հավաքական կժամանի նաև հոլանդական «Ցվոլլե» ակումբում հանդես եկող Նորայր Մամեդովը: Հայրապետյանը նշել է, որ իմացել է, թե Հայաստանում քննադատում են իր ազգանունը, և որոշել է այն փոխել և հետո նոր միայն ներկայանալ հավաքական: ՀՀՖ նախագահն ասել է, որ Նորայրը մեծ ցանկություն ունի հավաքականում հանդես գալու: