ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ից 7-ը աշխատանքային այցով կլինի Բրյուսել:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի շրջանակներում Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:
Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. ՀՀ նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:
Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս: