2011-ին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում էական առաջընթաց չի արձանագրվել: Այս մասին ասված է «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից այսօր ներկայացված «Մարդու իրավունքները Հայաստանում 2011» տարեկան զեկույցում:
«2011թվականին քաղբանտարկյալների ազատ արձակումը և Ազատության հրապարակի բացումը թեև թուլացրել են քաղաքական լարվածությունը Հայաստանում, սակայն դեռևս բացահյայտված չեն 2008 թվականի մարտի 1-2-ին նախագահական ընտրությունների հաջորդող ցույցերի ընթացքում ոստիկանության ու ընդդիմության միջև տեղի ունեցած բախումների ժամանակ 10 սպանությունները», – նշել է կոմիտեի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը:
Նա նաև ներկայացրել է 2011թվականին հայ հասարակության մեծ դժգոհություններն ու բողոքը՝ բանակում արձանագրված մահվան դեպքերի կապակցությամբ:
«Ըստ պաշտոնական տվյալների 2011 թվականին բանակում զոհված անձանց թիվը 36-ն է, իսկ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով այդ թիվը 39-ն է», – ասել է Ռևազյանը:
Բանախոսի հավաստմամբ` 2011 քաղաքացիական հասարակությունը հաջողություն է արձանագրել բնապահպանության ոլորտում:
«Բնապահպանների պայքարի արդյունքում կասեցվել է Թռչկանի ջրվեժի վրա հիդրոէեկտրակայանի կառուցումը: Արդյունքում ձևավորվել է «Պահապանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբը», – ասել է նա:
Կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներն արձանագրվում են հատկապես համապետական ընտրությունների ժամանակ և այս իմաստով մտահոգիչ են 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ սպասվող զարգացումները: