14:59 Վարչապետի քվեարկությանը կարելի էր հետևել webvybory2012.ru կայքի միջոցով, պատկերի որակը և ձայնը գերազանց էր: Սակայն, վարչապետի` քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու պահը տեսախցիկները չեն արձանագրել, քանի որ լրագրողները փակել էին տեսադաշտը:
Լրագրողներից մեկը հարց է ուղղել Պուտինին ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին տարածվող տեղեկությունների վերաբերյալ: Պուտինը հայտնել է, որ ոչինչ չգիտի. «Ես քունս առել եմ, մարզվել եմ, այնուհետև այստեղ եմ եկել: Ոչ մի շտաբի հետ չեմ կապվել»:
Կառավարության ղեկավարի հեռանալուց մի քանի րոպե անց երեք աղջիկներ են ներխուժել ընտրատեղամաս, մերկացրել են գոտկատեղից վերև հատվածը և սկսել են վարչապետի հասցեին մեղադրական կարգախոսներ հնչեցնել: Ոստիկանության աշխատակիցները աղջիկներին ծածկել են իրենց բաճկոններով և հեռացրել տեղամասից:
Ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստների բլոգում հաղորդվում է, որ Պուտինի տեղամասում իրականացված ակցիան իրենց ձեռքի գործն է: Ակտիվիստներ Օկսանա Շաչկոն, Աննա Դեդան, Իրինա Ֆոմինան փորձել են գողանալ ընտրատուփը` քվեաթերթիկներով հանդերձ: Նրանց մարմիններին հետևյալ գրառումներն են եղել` «Կրեմլյան առնետներ», «Գող 3», «Գողանում եմ հանուն Պուտինի», իսկ իրենք վանկարկել են «Պուտին` գող»:
14:40 Այսօր Ռուսաստանում անցկացվող նախագահական ընտրություններում արդեն քվեարկել են նախագահի բոլոր թեկնածուները: Վերջինը քվեարկեց Վլադիմիր Պուտինը, ով, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, ընտրատեղամաս ժամանեց կնոջ` Լյուդմիլա Պուտինայի հետ, հաղորդում է Newsru.com-ը:
Ինչպես հաղորդում է “Հանուն արդար ընտրությունների” Twitter-ի միկրոբլոգը, Պուտինը “հուզված էր”. “քվեատուփի մոտ հասնելով` նա ձեռքից գցեց քվեաթերթիկը”:
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ թեև այն ընտրատեղամասը, որտեղ քվեարկել է Պուտինը, ԶԼՄ-ների և դիտորդների ուշադրության կենտրոնում է, սակայն անվտանգության միջացառումներն այստեղ չեն ուժեղացվել և քվեարկող քաղաքացիների մուտքը չի սահմանափակվել, անգամ Պուտինի ներկայության ժամանակ: