Այսօր Ռուսաստանի ընդդիմությունը պատրաստվում է հերթական «հանուն արդար ընտրությունների» կարգախոսով հանրահավաք անցկացնել մայրաքաղաքի Պուշկինսկի հրապարակում: Մարտի 4-ին կայացած համառուսաստանյան ընտրությունների արդյունքում կրկին իշխանության եկած Վլադիմիր Պուտինին դեմ հանդես եկող ընդդիմադիրները Facebook սոցիալական ցանցում քննարկում են այսօր կայանալիք հանրահավաքի պահանջները: «Մենք եղել ենք Բոլոտնայայում և էլի կգանք» անվամբ ստեղծված իրադարձության մասնակիցները վստահեցնում են, որ «շոգ է լինելու»:
Օգտատերերից մեկի խոսքով` հիմնական պահանջը պետք է լինի իրական քաղաքական բարեփոխումը, արտահերթ խորհրդարանական ընտրությունները` մեկ տարուց ոչ ուշ, դատական համակարգի բարեփոխումը և ԶԼՄ-ների ազատումը պետական վերահսկողությունից:
Իսկ Վրաստանցի օգտատեր Գիորգի Գվարամաձեն իր խորհուրդներն է առաջարկում ռուսաստանյան ընդդիմադիրներին` վկայակոչելով այն փաստը, որ ինքն ավելի շատ «հանրահավաքների մասնակցելու փորձ ունի»:
«Նախևառաջ արդյունքի հասնելու համար ձեզ անհրաժեշտ է ամեն ինչ օրինական կերպով կազմակերպել, որպեսզի ոչ ոք չկարողանա ձեր վրա ուժ կիրառել, մի տրվեք սադրանքներին, հավատացեք որ այդպիսի բաներ էլ կլինեն: Եթե «ձերոնքականներից» ինչ-որ մեկը մահակ թափահարի, ավելի լավ է ինքներդ հանգստացրեք նրան: Շատ հագուստ վերցրեք, որպեսզի գիշերը մնաք, և ոչ մեկ գիշեր, դա պետք է շատ երկար շարունակվի, բայց անհրաժեշտ է, որպեսզի առաջնորդներից մեկը դիմում ներկայացնի, որ հանրահավաքը կայանալու է օրինակ 5.03.12-ից մինչև 05.04.12: Այդ ժամանակ ոչ ոք չի ասի, թե դուք իրավունք չունեք այնտեղ լինել: Պետք է հստակ հայտարարություններ առաջադրեք, այլ ոչ թե հենց էնպես, ում ինչ պետք է, չեք ուզում Պուտինին ու վերջ»,-գրում է վրաստանցի օգտատերը:
Նշենք, որ այսօր երեկոյան Մոսկվայում երկու հանրահավաք է տեղի ունենալու: 17:00-ից մինչ 19:30-ն հանրահավաք կանցկացնեն Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ՌԴ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Գենադի Զյուգանովի համակիրները: Իսկ արդեն 19:30-ից բողոքի ակցիայի դուրս կգան «հանուն արդար ընտրությունների» համար պայքարող ընդդիմադիրները: