Երևանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին: Այդ մասին է վկայում հանրային մեծ բողոքը Մաշտոցի պուրակի շինարարության դեմ, ասված է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
«Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երևանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք լուծում:
Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը և հանրային շահը մասնավորին ստորադասելը:
Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երևանի լայն հանրության և ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք. ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՈԼՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ», – նշում են հայտարարության հեղինակները:
Հիշեցնենք, որ նախորդ չորեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը դեմ է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրմանը:
«Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաև կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի: Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ, և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր և ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն»,- ասել է վարչապետը:
Դրանից հետո Մաշտոցի այգում տաղավարների ապամոնտաժման հետ կապված ոչ մի գործողություն դեռ չի իրականացվել: