Home / Հայաստան / ՀՀԿ-ականը պատմել է, որ պատգամավորները քվեարկում էին, որովհետև «ճար չունեին»

ՀՀԿ-ականը պատմել է, որ պատգամավորները քվեարկում էին, որովհետև «ճար չունեին»

ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Երեք անգամ առաջադրվել եմ մեծամասնականով և երբեք անձնական նպատակներ չեմ հետապնդել: Ինչ վերաբերում է մեծամասնականով չառաջադրվելուն, ապա դա կապված է իմ  տարիքի հետ, և անհարմար եմ զգում գնալ բակերում կանգնել ու ձայն խնդրել», – նշել է նա:

Հարցին, թե Պետրոսյանը ինչ-որ առիթով նշել էր, որ երիտասարդ է, իսկ այժմ խոսում է տարիքի մասին, ՀՀԿ–ական պատգամավորը շեշտել է, թե նկատի է ունեցել եռանդն ու ԱԺ-ում աշխատելու հնարավորություները:

«Ես ասում  եմ՝ անհարմար է գնալ բակեր ու խնդրել բնակիչներին ձայն տալ, իսկ  ԱԺ-ում աշխատելու համար, թող ինքնագովություն չհամարվի, այսօր ոչ ոք չի կարող Ռաֆիկ Պետրոսյանի հետ մրցել», – ասել է նա:

Նա, այնուամենայնիվ, պատրաստվում է սատարել իր կուսակցությունից առաջադրված թեկնածուներին` անկախ նրանից ՀՀԿ-ն կընդգրկի իրեն համամասնական ցուցակի մեջ, թե ոչ:

Խոսելով է նաև մարտի 1-ին ԱԺ-ում ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» օրենքի մասին` Պետրոսյանը նշել է, որ ինքը միակ ՀՀԿ-ական պատգամավորն է, ով դեմ է քվեարկել այդ նախագծի ընդունմանը:

«Ընդ որում, ես դեմ քվեարկեցի ոչ թե այդ ուժերն ընդհանրապես օգտագործելու համար, այլ նրա դեմ, որ 9-րդ հոդվածի 5-րդ կետում նշված էր, թե զինված ուժերը կարող են օգտագործել հանրահավաքները սահմանափակելու և արգելելու կապակցությամբ: Ես միայն դրան եմ դեմ, որովհետև ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ զինված ուժերը որևէ քաղաքական ուժի ձեռքին գործիք դառնան մյուս քաղաքական ուժին ճնշելու համար, և իմ մոտեցումն առաջին ընթերցմամբ չանցավ: Խմորումներ կան,  Արդարադատության նախարարի հետ զրուցել ենք և շատ հնարարվոր է, որ հաջորդ ընթերցման ժամանակ այդ կետը հանվի: Ինչ վերաբերում է զիված ուժերի օգտագործման հարցին, ապա պետք է ասեմ, որ, իհարկե, դրանք պետք է օգտագործվեն տարերային աղետների հետևանքները կանխելու համար, բայց ոչ երբեք քաղաքական նպատակներով», – ընդգծել է Պետրոսյանը:

Նրա խոսքով` այնուհետ իր պատգամավոր ընկերները մոտեցել են իրեն, ողջունել, նաև նշել են, որ ճար չունեին, դրա համար էլ կողմ են քվեարկել: