Home / Հայաստան / Մեղադրյալը պահանջում է ձերբակալել ԱԺ պատգամավորին

Մեղադրյալը պահանջում է ձերբակալել ԱԺ պատգամավորին

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի և Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի միջև տեղի ունեցած վիճաբանության, ապա ծեծկռտուքի գործով մեղադրվող Արթուր Զադոյանն այսօր բաց նամակ է ուղղել նախագահ Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Զադոյանը մեղադրվում է դիտավորությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, անկուսակցական, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Կարո Կարապետյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ: Քննության առաջին փուլում և’ Արթուր Զադոյանը, և’ Կարո Կարապետյանը հարցվել են որպես վկաներ: Այժմ Զադոյանը պահանջում է ,որ Կարապետյանի դեմ ևս մեղադրանք առաջադրվի, ինչը մինչ օրս չի արվել այն պատճառաբանությամբ, թե պատգամավորին վերապահված է անձեռնմխելիության իրավունք:

Զադոյանի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ. Հարությունյանի կողմից դեռևս 2010թ. մայիսի 12-ից գրություն է հասցեագրվել ինձ` հետևյալ բովանդակությամբ «… ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով Ձեզ մեղադրանք է առաջադրվել գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, Ձեր և մյուսների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական կարող է տրվել անհրաժեշտ առերեսումներ ու այլ դատավարական գործողություններ կատարելուց հետո միայն, որը հնարավոր չէ` Ձեր ծանր հիվանդության պատճառով:

Մեծարգո նախագահ, նշեմ, որ ես որևէ ծանր հիվանդությամբ չեմ տառապում, այլ դեպքի օրը ստացած հրազենային վնասվածքների հետևանքով, ըստ դատաբժշկական եզրակացության, իմ առողջությանը, պարզապես, պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով ինձ է մեղադրանք առաջադրվել այն արարքի համար, որ ես Կարո Կարապետյանի համար անձնական օգտագործման ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով 2009թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ի սահմաններում, վարորդ Օնիկ Հովհաննիսյանի հետ Երասխ-Երևան մայրուղով մեկնել ենք Էջմիածին քաղաք: Զրույցի ընթացքում Կարո Կարապետյանից տեղեկացել եմ, որ ինքը մեքենա գնելու համար գումար չի վերցրել և ցանկանում է առանց գումար վճարելու ստանալ այն, ուստի հրաժարվել եմ շարունակել ճանապարհը և պահանջել կանգնեցնել ավտոմեքենան:

Վարորդի կողքին նստած Կարո Կարապետյանը վրդովված հայհոյանքներ է տվել իմ հասցեին և բռունցքով հարվածել գլխիս: Դրանից հետո մեքենայի մեջ գտնվող մետաղյա գործիքով երկու անգամ հարվածել եմ Կարո Կարապետյանի գլխին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Մարմարաշեն գյուղի հատվածում ավտոմեքենան կանգ է առել:

Օգտվելով դրանից` ես դիմել եմ փախուստի: Ընթացքում Կարո Կարապետյանը

«Բրաունինգ» տեսակի 9մմ տրամաչափի ատրճանակից հինգ անգամ կրակել է իմ ուղղությամբ: Գնդակներից մեկը դիպել է իմ աջ բազկին, իսկ մյուսը` աջ ազդրին:

Նախաքննության մարմնին ուղղված բազմաթիվ բողոքներով խնդրել եմ, որպեսզի պատասխանատվության ենթարկվի ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանը և ինձ տրվի տուժողի կարգավիճակ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը և անգամ դատարաններն անտեսելով օրենքների իմպերատիվ պահանջները շարունակում են հովանավորել ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանին` կասեցումից հետո վերսկսման որևէ նախադրյալ չձեռնարկելով: Որպես լոզունգ որդեգրել են ընդհամենը հետևյալ պատճառաբանությունը. «քրեական գործի վերջնական ընթացքը լուծելու, գործի համար նշանակություն ունեցող տվյալները` կիսագուլպայի մեջ դրված ատրճանակով շուրջ 5-10 մետր վազելու հնարավորությունը ստուգելու և ճշտելու նպատակով անհրաժեշտ է Ձեր մասնակցությամբ կատարել քննչական փորձարարություն, ինչին խանգարում է Ձեր բազմաթիվ անգամ վիրահատվելը, ոտքի վիրակապված լինելու հանգամանքը, որպեսզի հանգամանքն էլ բացառում է Ձեր մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողությունը կատարելուն»:

Հնարավոր բոլոր ապացույցներն արդեն իսկ բավարար են ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար, ուստի խնդրում եմ`

1. Կանխել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում տիրող անօրինականությունները` կոչ անելով պահպանել օրենքի պահանջը` տառացիորեն

2. ԱԺ նախագահին հասու դարձնել իր պատգամավորի կողմից կարատված հանրորեն վտանգավոր արաք կատարելու մասին

3. Միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազը համապատասխան միջնորդություն ներկայացնի ԱԺ` պատգամավոր Կարո Կարապետյանին ձերբակալելու թույլտվություն ստանալու ուղղությամբ»: