Home / Հայաստան / Քաջարանի գյուղապետը դեռ հավատում է Սերժ Սարգսյանին և խնդրում է օգնել. նամակ

Քաջարանի գյուղապետը դեռ հավատում է Սերժ Սարգսյանին և խնդրում է օգնել. նամակ

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը այսօր նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, որով խնդրում է միջամտել, որպեսզի Կառավարությունը անվավեր ճանաճի 2011թ. ապրիլի 28-ի որոշումը, որով փոխվել է Սյունիքի մարզի 6 գյուղերի, այդ թվում նաև Քաջարանի հողերի նշանակությունը և դրանք հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ բաց հանքի շահագործման և թունավոր թափոնների գործող գերեզմանոցների ընդլայնման համար:

«Վերստին տեղյակ եմ պահում Ձեզ, որ կառավարությունը նշված որոշումն ընդունելուց առաջ չի խորհրդակցել համայնքի բնակիչների հետ, համայնքի բնակչությանը մասնակից չի դարձրել այդ որոշման պատրաստմանը: Որոշման մասին իմացել ենք այն ընդունելուց հետո պատահաբար:

Տեղյակ չենք նույնիսկ, թե որոշումը նախապատրաստելիս ինչ փորձաքննություններ են իրականացվել (եթե, իհարկե, իրականացվել են) գյուղի տարածքում՝ համայնքի բնակչության առողջության, շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցությունը ճշտելու վերաբերյալ:

Կառավարության որոշման մեջ և որոշման շուրջ կառավարության պատասխանատուների մեկնաբանություններում հետևողականորեն աղավաղվել ու կեղծվել է հանրային գերակա շահ ասվածը: Ավելի ճիշտ՝ կառավարության որոշման հիմնավորումներն ակնհայտորեն չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին, ինչը, կարծում եմ, Ձեզ պետք է լրջորեն մտահոգի:

ՀՀ Սահմանադրությունը և նշված օրենքը թույլ են տալիս հայտարարել երիցս՝ Քաջարան գյուղում գերակա հանրային, ազգային, պետական մեկ շահ կարող է լինել ու կա: Դա սահմանային Քաջարան գյուղի լինելության ապահովումն է:

Գյուղացիներիս շատ զարմացնում է մեկ հանգամանք ևս: Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրենը լրատվամիջոցների ու մարդկանց հետ շփումներում պարտադիր վկայակոչում է Ձեր անունը: Օրինակը՝ տարեսկզբին «Առավոտին» տված հարցազրույցների շարքը: Մի՞թե որևէ ձեռնարկության տնօրեն իրավունք ունի սեփական մտածումներին ու ամբիցիաներին շունչ տալու համար անընդհատ վկայակոչել երկրի նախագահի անունը:

Մաքսիմ Հակոբյանը, խոսելով մեր գյուղի տարածքների մասին, հայտարարում է՝ «…Հանրապետության նախագահին ասեցի, խնդրեցի, որ գերակա շահ ճանաչեն»: Իսկ մի քանի օր հետո էլ (11 հունվարի 2012թ, «Առավոտի» կայք) հայտարարում է. «Էդ հողերը մեզ հիմա պետք չեն»: Դրանից օրեր առաջ էլ ասել էր. «Ոչ ոք չի կարող խափանել այդ հողերի՝ ընդերքօգտագործման նպատակով շահագործումը»:

Տնօրենի խոսքերը կրկին հաստատում են, որ գերակա հանրային շահը՝ մատուցված կառավարության որոշման մեջ, գոյություն չունի ընդհանրապես: Դա բացառապես մեկ մարդու և նրա հովանավորների անձնական շահն է:

Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ կառավարությունը, այնուամենայնիվ, չի պատրաստվում վերջնականապես լուծել հարցը, թեև երբեմն հուսադրող քայլերի պատրանք է ստեղծում: Գյուղի բնակիչները տպավորություն ունեն, որ կառավարությունը, նման կիսաքայլերով ու երևութականություն ստեղծելով, խուսափում է բուն խնդրից և մեր գլխի տակ փափուկ բարձ դնում, քանի դեռ նախընտրական շրջան ենք ապրում: Իսկ այդպես մտածելու համար հիմքեր ունենք:

Մենք հավատում ենք Ձեզ, ինչի համար և հերթական անգամ ենք դիմում Ձեզ: Քաջարան գյուղական համայնքի անունից խնդրում եմ վերացնել կառավարության 2011թ. ապրիլի 28-ի որոշումը և գործնական քայլերով նպաստել սահմանային Քաջարան գյուղի ամրապնդմանը:

Եթե Դուք կրկին կոնկրետ քայլ չձեռնարկեք ու լռեք, ինչպես վարվեցիք մոտ 600 քաջարանցու՝ 2011թ. մայիսին հղած դիմումի պարագայում, ապա վերջնականապես կնշանակի, որ Դուք կողմնակից եք Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի՝ սահմանային մեր գյուղը վերացնելու հրեշավոր ծրագրին, ինչի համար մեծագույն ափսոսանք կապրի գյուղի բնակչությունը, իսկ գյուղում կշարունակվի խորանալ անորոշությունը՝ սկիզբ առած 2011թ. ապրիլի 28-ից հետո», – մասնավորապես, գրել է Աթայանը: